Մանրամասներին ծանոթանալուց հետո կարող ենք հասկանալ, թե ինչպես է Թրամփի ուղին գործնականում գործելու. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունն այն մասին, որ ռուսական կողմը հասկանում է Թրամփի ուղին, ինչպես նաև այս հարցի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հակասական հայտարարությունները։
Զախարովան, մասնավորապես, ասել է. «Մենք կկարողանանք վերջնականապես պատկերացում կազմել, թե ինչպես է այս տրանսպորտային ուղին գործնականում գործելու, երբ ծանոթանանք նախագծի կոնկրետ մանրամասներին։ Դա դեռ տեղի չի ունեցել»։
Նա հիշեցրել է, որ միջազգային պայմանագրի համաձայն՝ ռուս սահմանապահներն ապահովում են սահմանների պաշտպանությունն այնտեղ, որտեղով կանցնի նշված երթուղին։
Զախարովան նաև ընդգծել է, որ Հարավային Կովկասի գործերում «ոչ տարածաշրջանային խաղացողների» մասնակցությունը, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, պետք է ուղղորդված լինի առաջին հերթին տարածաշրջանի երկրների և նրանց անմիջական հարևանների շահերով։
«Անհրաժեշտ է նաև հաշվի առնել մի շարք լրացուցիչ գործոններ։ Հայաստանը ԵՏՄ միասնական մաքսային տարածքի մաս է կազմում, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը կառավարում է Հայաստանի երկաթուղային ցանցերը, իսկ ռուս սահմանապահները պահպանում են սահմանը այն տարածքում, որտեղ նախատեսվում է նշված երթուղին»,-նշել է նա`հավելելով, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ, որոնք այսօր պահպանում են իրենց արդիականությունը։
«Հետևաբար, մենք հույս ունենք շարունակել արդյունավետ երկխոսությունը հայկական կողմի հետ այս թեմայի շուրջ»,-ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը


