երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մանե Թանդիլյանը՝ «Ապրելու երկիր»-ի Երևանի քաղաքապետի թեկնածու

Մանե Թանդիլյանը՝ «Ապրելու երկիր»-ի Երևանի քաղաքապետի թեկնածու

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում որոշվել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրել Մանե Թանդիլյանին։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Սահակյանը։

Կուսակցության քաղխորհրդի անդամ Տիգրան Սահակյանի խոսքով՝ որոշումը հիմնված է եղել վերջին ամիսներին Երևանի բնակիչների հետ իրենց ակտիվ շփումների, նրանց հետ զրույցների, սոցհարցումների, ֆոկուս-խմբային հետազոտությունների արդյունքների և կուսակցության անդամների կարծիքների հիման վրա։

«Ուզում եմ տեղեկացնել, որ մենք հավատարիմ ենք մեր որդեգրած դիրքորոշմանը՝ այն է համապետական ընտրություններից զատ ակտիվորեն պատրաստվել և ամենայն լրջությամբ մասնակցել բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, քանզի վստահ ենք, որ տեղական ինքնակառավարման մակարդակում ևս քաղաքական ուժերը պետք է լուրջ քաղաքական ծրագրեր ներկայացնեն, ստանձնեն պատասխանատվություն և ընթացիկ օպերատիվ խնդիրներից զատ իրական զարգացում ապահովեն համայնքներում, այնպես, ինչպես մենք դա անում ենք Ալավերդի խոշորացված համայնքում, Նոյոմբերյան խոշորացված համայնքում, Տաթև խոշորացված համայնքում, և դա անելու ենք Երևան քաղաքում», - ասաց Տիգրան Սահակյանը։

Ինչպես ընդգծեց Սահակյանը, Մանե Թանդիլյանի առաջադրումը ևս մեկ անգամ ընդգծում է իրենց վճռականությունը ոչ միայն մասնակցել, այլև հաղթել Երևանի ավագանու ընտրություններում։

«Հավաստիացնում եմ, որ այս ընտրություններում մեր մասնակցությունը և հաղթանակը երկրում արմատական և խորքային փոփոխությունների առաջնորդության անշրջելի հայտ է մեր կողմից», - հավելեց նա։

Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ հիմնադրման օրվանից կարևորել են համայնքներում ակտիվ աշխատանքը։ Նա տեղեկացրեց, որ իրենց արդեն հաջողվել է երեք համայնքներում այսպես ասած իշխանափոխություն իրականացնել և ստանձնել տեղի կառավարումը` Նոյեմբերյանում, Ալավերդիում և Տաթև համայնքում համատեղ կառավարում այլ քաղաքական ուժի հետ։

«Կոնկրետ տեղերում իրականացնելով իշխանափոխություններ` մեր հաջորդ կարևոր հանգրվանը Երևանն է, և վստահ ենք, որ Երևանում նույնպես առաջիկա ամիսների ընթացքում հասարակության մեր ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավորություն կունենանք ստանալու երևանցու վստահությունը և էականորեն փոխելու քաղաքի դիմագիծը»,– ասաց Առաքելյանը։

Նա տեղեկացրեց, որ կուսակցության պաշտոնական կայքում`apreluyerkir.am–ում գործարկել են «Ապրելու Երևան» հատված, որտեղ երևանցիները կարող են իրենց առաջարկներն ու խնդիրները ներկայացնել։ Բարձրացված հարցերը կքննարկվեն, ապա կընդգրկվեն կուսակցության ծրագրում։

Առաքելյանը հավելեց, որ պատրաստ են համագործակցել բոլոր այն անհատների հետ, որոնք մտահոգված են Երևանի խնդիրներով և պատրաստ են ստանձնել դրանք լուծելու պատասխանատվությունը։

  • Կիսվել: