շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մանդատը տղայական հավաքների ընթացքում ձեռք բերված կրեդիտ չէ. ԼՀԿ-ական պատգամավորը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին

Մանդատը տղայական հավաքների ընթացքում ձեռք բերված կրեդիտ չէ. ԼՀԿ-ական պատգամավորը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին

Մենք քաղաքական բոյկոտի հայտարարություն չենք արել, մենք ուղղակի տեղի ունեցած միջադեպից հետո չենք ներկայանում նիստերին, եւ դա մեր իրավունքն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավոր Աննա Կոստանյանը՝ անդրադառնալով Մարուքյան-Միքայելյան միջադեպին:

Նա նշեց. ՛՛Ցանկացած պատգամավոր իրավունք ունի ներկայանալ կամ չներկայանալ՝ լինի դա լիագումար, թե արտահերթ նիստ եւ դա որեւէ կերպ չի խոչնդոտում իր պատգամավորական գործունեությանը։ Այս պահին դեռ չունենք քաղաքական վերջնական որոշում, թե հետագայում ինչպես ենք շարունակելու՛՛։

Կոստանյանն անդրադարձավ նաեւ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որ ինքը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե Էդմոն Մարուքյանն էլ վայր դնի:

Այս առնչությամբ պատգամավորն ասաց. ՛՛Մանդատը տղայական հավաքների ընթացքում ձեռք բերված կրեդիտ չէ։ Մանդատը տրված է ժողովրդի կողմից, որքան էլ որ տարբեր մարդիկ շահարկում են, որ այն 80 հազար քվեն, որ ստացել է ԼՀԿ–ն, դա ի շնորհիվ ինչ-որ մեկի, կամ ինչ-որ մի ուժի է, այդպես չէ, որովհետեւ քաղաքացիները պետք է ընդունեն, տվել են քվե եւ մենք տեր ենք այդ քվեին եւ այդ մանդատը այդ քաղաքացիների ձայնն է եւ ներկայացուցչության երաշխիքն ԱԺ–ում՛՛։

Հիշեցնենք, որ մայիսի ութին ԼՀԿ-ական Էդմոն Մարուքյանի ու իմքայլական Սասուն Միքայելյանի միջև ԱԺ-ում ծեծկռտուք էր տեղի ունեցել:

  • Կիսվել: