երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մանդատները մեզ համար կարևոր չեն, բայց դրանցից հրաժարվելով՝ որևէ արդյունավետություն շարժումը չի ունենալու․ Իշխան Սաղաթելյան

Մանդատները մեզ համար կարևոր չեն, բայց դրանցից հրաժարվելով՝ որևէ արդյունավետություն շարժումը չի ունենալու․ Իշխան Սաղաթելյան

Էդ որ ասում են՝ ընդդիմությանն ինչքան քվեարկող եղել է, այդքանը պետք է դուրս գան փողոց, այդ տրամաբանությամբ թող Նիկոլ Փաշինյանը հանրահավաք անի ու 680 հազար մարդ հանի փողոց. Եթե հանեց 10 հազար մարդ, ֆիքսում ենք, որ իր աջակիցների թիվը այդքան է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, Նիկոլը գոյություն չունի, որովհետեւ ինքն աջակից չունի, որովհետեւ մնացել է ոստիկանների հույսին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ ժողովուրդը ընդդիմությանը քվե է տվել, որ աշխատեն ԱԺ-ում, Սաղաթելյանն ասաց. «Մեր քվեարկողների ուղերձը շատ հստակ է, մենք մեկ տարի առաջ այս օրերին ընտրողներին ասել ենք՝ մենք ձգտում ենք ուժեղ Հայաստան կառուցելու, արժանապատիվ խաղաղություն հաստատելու, դրա համար անհրաժեշտ է այս իշխանություններին հեռացնել, հասնել Արցախի ինքնորոշման իրավունքին: Մարդիկ դրա համար են քվե տվել: Մենք այսօր սպասարկում ենք մեր ընտրողների օրակարգը եւ գնում ենք մեզ տված քվեն, ընտրողների շահերը պաշտպանելու: Մարդիկ մեզ քվե չեն տվել, որ գնանք խորհրդարանում աշխատենք: Այսօր երկիրը գտնվում է մի հանգրվածում, որ այս փուլում գնալ ԱԺ եւ զբաղվել ինչ-որ շոուներով, դա համարում ենք անիմաստ:

Եթե մենք հասկանանք, որ իրենք մի տոկոս ցանկություն ունեն բանակը վերականգնելու, մեր առաջարկները լսելու, համատեղ քննարկումներ անելու… իրենց ցանկացած քայլ ունի մեկ նպատակ՝ բանակը քաղաքականացնել, որպեսզի իրենց իշխանությունը լինի լիարժեք: Բոլոր քայլերի տրամաբանությունը դա է: Հետեւաբար, մենք ԱԺ-ում անելիք չունենք: Ակնհայտ է, որ կա քաղաքական ճգնաժամ, որը չի հաղթահարվելու, մինչեւ սրանք չհեռանան: Վստահ եղեք, մեր ընտրողների ցանկությունը նա չի, որ գնանք խորհրդարան եւ զբաղվենք երկրորդական հարցերով: Օրակարգն այսօր փողոցում է, հարցերը լուծվելու են այդ ճանապարհով եւ մենք պարտավոր ենք թափ տանք շարժմանը եւ հասնենք հայտարարված նպատակին»,-ընդգծեց Սաղաթելյանը:

Պատասխանելով մանդատներից հրաժարվելու մասին հարցին՝ Սաղաթելյանն ասաց, որ ամենահեշտ ճանապարհը մանդատներից հրաժարվելն է: «Այդ մանդատները մեզ համար կարևոր չեն: Դրանք ծառայելու են մեր ժողովրդին: Եթե կգա մի պահ, որ դրանից հրաժարվելու պահանջ տեսնենք, մենք կքննարկենք, բայց դրանցից հրաժարվելով՝ որևէ արդյունավետություն շարժումը չի ունենալու»,-ասաց նա:

  • Կիսվել: