հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մամուլում նման տեղեկություններ ի հայտ են գալիս գրեթե յուրաքանչյուր հանդիպումից առաջ։ Եվ գրեթե երբեք դրանք չեն հաստատվում․ Արման Եղոյան

Մամուլում նման տեղեկություններ ի հայտ են գալիս գրեթե յուրաքանչյուր հանդիպումից առաջ։ Եվ գրեթե երբեք դրանք չեն հաստատվում․ Արման Եղոյան

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն անդրադարձավ հարցին, որ մամուլի տեղեկությունների համաձայն՝ հնարավոր է ապրիլ ամսին փաստաթուղթ ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

«Մամուլում նման տեղեկություններ ի հայտ են գալիս գրեթե յուրաքանչյուր հանդիպումից առաջ։ Եվ գրեթե երբեք դրանք չեն հաստատվում։ Եվ մամուլում ասելով էլ խնդրում եմ հստակեցնել՝ ո՞վ է ասում, եկեք անձանց հղում անենք, որ հետո կարողանանք այդ անձանցից պատասխան պահանջել։ Եթե հիմա այս անգամ էլ չհաստատվեց, դուք հաջորդ անգամ էլ եք նույն հարցը տալու»,- ասաց Եղոյանը։
 
«ՔՊ» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց․ «Եթե ընդդիմադիրները նման կարծիքներ են հայտնում, լավ կլինի նաև աղբյուրները բացահայտեն, թե որտեղից է նման տեղեկատվություն ի հայտ եկել։
 
Իրականում խաղաղության օրակարգ հայտարարած երկիրը, իհարկե, մշտապես պատրաստ է դիվանագիտական ճանապարհով լուծել այս կամ այն հարցը, բայց տվյալ պարագայում որևիցե փաստաթղթի մասին խոսելն ավելորդ է, որովհետև եթե խոսքը գնում է միջազգային համապատասխան համաձայնագրի մասին, այն հնարավոր չէ թաքցնել հասարակությունից, որովհետև միջազգային համաձայնագրերը ենթակա են վավերացման, եթե անհրաժեշտություն կա, հանրաքվեի միջոցով համապատասխան գործընթացներ անցնելու։
 
Իսկ գաղտնի դիվանագիտությունը 1945 թվականից այսկողմ արգելված է, այսինքն՝ գաղտնի համաձայնագրերի կնքումը»։
Նրանք նշեցին, որ եթե ընդդիմադիր պատգամավորները նման տեղեկություն ունեն, թող հրապարակավ հայտարարեն։

  • Կիսվել: