հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Մամիկոն Ասլանյանը չբացառեց, որ եթե առաջադրվի քաղաքապետի պաշտոնում, իրեն նորից կալանավորեն

Մամիկոն Ասլանյանը չբացառեց, որ եթե առաջադրվի քաղաքապետի պաշտոնում, իրեն նորից կալանավորեն

Անկեղծ ասած, ես հետ եմ մնացել մեր երկրի փոփոությունների դինամիկայից։ Ես որ գնացել եմ ՔԿՀ, մեծ երկիր էր։ Հիմա չգիտեմ, ինչ է փոխվել, մարդկությունն էլ է գուցե փոխվել։ Այնպես որ ոչ սպասում էի, ոչ էլ չէի սպասում: Այս մասին այսօր ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք սպասելի՞ էր  հենց այս օր իր նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխելու վերաբերյալ հարցին:

Անդրաառնալով նրան, թե ինչը փոխվեց, որ իրեն ազատ արձակեցին, նա պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչը փոխվեց: Ի դեպ, դատակոչված որեւէ վկա ինձ մեղսագրվող գործի հետ որեւէ առարկայական բան չի կարող ասել: Ինձ մեղասագրվող ամբողջ փաթեթը կապված է փաստաթղթաշրջանառության հետ եւ որեւէ քաղաքացի չի կարող համայնքի ղեկավարի կողմից ընդունված փաստաթղթերի իրավացիությունը կամ ոչ իրավացիությունը հավաստել»:

Հարցին՝ գուցե պայմանավորվածություն կա ազատ արձակվելու դիմաց հաջորդ ընտրություններին չառաջադրվելու վերաբերյալ. «Եթե պայմանավորվածություն լիներ, ես այստեղ չէի լինի։ Ոտքից գլուխ սա քաղաքական հետապնդման պրոցես է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է, որ երբ ցանկանա կրկին քաղաքապետ դառնալ, նորից կալանավորվի, Մամիկոն Ասլանյանն արձագանքեց. «Իհարկե, մեր երկրում ոչինչ չի բացառվում. Մենք տեսնում ենք, որ անգամ երրորդական կարգի պաշտոնյաներ, որոնք Վանաձորի քաղաքապետի ներկապնակում ոչինչ չեն փոխում, քաղաքական հետապնդումների են ենթարկվում, և ոչ միայն Վանաձորում, այլև այն համայնքներում:

Ասլանյանի խոսքով, գուցե  հետագայում ինքն այս ամենին անդրադառնա ամենայն մանրամասնությամբ, հիմա ասում է՝ սա քրեական ու քրեական դատավարական հարց չէ, այստեղ մասնակցություն է ունեցել  նաև վարչական  դատարանը, որը կալանք է դրել ավագանու նիստերի վրա։

  • Կիսվել: