Մակունցը՝ ՍԴ դատավորի թեկնածությունից Վահրամ Ավետիսյանի հրաժարվելու մասին
Պարոն Ավետիսյանը ինքն է որոշել, որ կառավարությունը չդիտարկի իր թեկնածությունը, մենք հարգում ենք նրա որոշումը և մաղթում մասնագիտական հաջողություններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նշենք, որ ՍԴ դատավոր՝ կառավարության ներկայացրած թեկնածու Վահրամ Ավետիսյանը «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում էր ներկայացրել:
««Իմ քայլը» խմբակցությունը հարգում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունից Վահրամ Ավետիսյանի հրաժարվելու որոշումը»,- ասաց Մակունցը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Ավետիսյանը «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո է նման որոշում կայացրել, նշելով, որ Ազգային ժողովում 80 ձայն չի ստանա, Մակունցն ասաց, որ, հավանաբար, այդպիսի տպավորության պատճառ են դարձել իրեն ուղղված հարցերը:
«Հանդիպումն անցել է նույն ձևով, ինչպես բոլոր այլ թեկնածուների հետ: Հնչել են սուր հարցեր նաև, հավանաբար դա էր պատճառը, որ պարոն Ավետիսյանի մոտ այդպիսի տպավորություն էր»,- նշեց խմբակցության ղեկավարը:


