երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի նամակը ԼՂ-ում հումանիտար իրավիճակի և ոճրագործությունների կանխարգելման հրամայականի վերաբերյալ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի նամակը ԼՂ-ում հումանիտար իրավիճակի և ոճրագործությունների կանխարգելման հրամայականի վերաբերյալ

Ս․թ․ սեպտեմբերի 15-ին որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի փաստաթուղթ հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նամակը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող ճգնաժամային իրավիճակի և էթնիկ զտման սպառնալիքի վերաբերյալ։

Նամակում անդրադարձ է կատարվում Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշումների չիրականացմանը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ առաջացնելու նպատակադրված քաղաքականությանը՝ նշելով, որ դա ի ցույց է դնում զանգվածային ոճրագործություն իրականացնելու Ադրբեջանի մտադրությունը։

Հիշատակելով Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման վտանգի մասին մարդու իրավունքների փորձագետների և ցեղասպանագետների ահազանգները՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը ընդգծում է ՄԱԿ կողմից կանխարգելիչ կարողությունների մոբիլիզացման հրամայականը՝ պաշտպանելու պատասխանատվության իրականացման և ոճրագործությունները կանխլու նպատակով։

Նամակին կից շրջանառվել է նաև Մարդու իրավունքների պրոֆեսոր, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեսի զեկույցը՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և միջազգային հանրության կողմից ոճրագործությունների կանխարգելման նպատակով միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ։

  • Կիսվել: