կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՄԱԿ-ի ՄԻԽ-ում ՀՀ-ն 41 երկրների անունից հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման կոնվենցիայի 75-ամյակի կապակցությամբ

ՄԱԿ-ի ՄԻԽ-ում ՀՀ-ն 41 երկրների անունից հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման կոնվենցիայի 75-ամյակի կապակցությամբ

Հուլիսի 4-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում (ՄԻԽ) Հայաստանի նախաձեռնությամբ ընթերցվեց համատեղ հայտարարություն՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման կոնվենցիայի 75-րդ տարելիցին։ Հայտարարությանը միացել էին ՄԱԿ-ի բոլոր տարածաշրջանային խմբերն ընդգրկող քառասունմեկ պետություններ։ Հայտարարությունը կարդաց Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը՝ Ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Ուայրիմու Նդերիտուն հետ ՄԻԽ ինտերակտիվ երկխոսության ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր, որ ցեղասպանությունը երբեք անակնկալ տեղի չի ունենում: Որպես կանոն, դրան նախորդում են ազգային, ռասայական կամ կրոնական խմբի հանդեպ խտրականության դրսևորումներ, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարման և խախտման կրկնվող դեպքեր: Հայտարարությանը միացող երկրները ևս մեկ անգամ հանձնառություն ստանձնեցին կանխելու ցեղասպանությունները և մարդկության դեմ այլ հանցագործությունները։

Համատեղ հայտարարության մեջ շեշտվում էր, որ հրավիրելով աշխարհի ուշադրությունն այն իրավիճակներին, որոնք կարող են հանգեցնել նման ոճրագործությունների, անհրաժեշտ է նաև հետագա գործողություններ և համակարգված ջանքեր գործադրել՝ կանխարգելումը գործնականում իրականցնելու համար:

Ստորև ներկայացնում ենք ամբողջական հայտարարությունը.

Համատեղ հայտարարություն

Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման կոնվենցիայի 75 ամյակի կապակցությամբ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Ինտերակտիվ երկխոսություն Ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ

ՀՀ Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյան

4 հուլիսի, 2023թ.

Հարգելի պարոն նախագահ,

Պատիվ ունեմ ներկայացանելու այս հայտարարությունը ՄԱԿ-ի բոլոր տարածաշրջանային խմբերն ընդգրկող քառասունմեկ պետությունների կողմից։

Ողջունում ենք Հատուկ զեկուցող Նդերիտուին և վերահաստատում մեր շարունակական աջակցությունը Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանությունների կանխարգելման և Պաշտպանելու պարտավորության հարցերով խորհրդականների գրասենյակի գործունեությանը:

Այս տարի նշում ենք Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման կոնվենցիայի 75-րդ տարելիցը: Այն մարդու իրավունքներին առնչվող առաջին փաստաթուղթն էր, որն ընդունվեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից մեկ օր առաջ: Այս երկու փաստաթղթերը միասին ուրվագծեցին այն աշխարհի տեսլականը, որում ցեղասպանությունը և մարդկության դեմ այլ հանցագործությունները կկանխվեն և կպատժվեն:

Այս տարելիցը հնարավորություն է տալիս վերահաստատել մեր հանձնառությունը հասնելու այս նպատակին, ինչպես նաև մտորելու դրական փորձի և մարտահրավերների մասին, որոնք առնչվում են այս կոնվենցիայի կիրառմանը:

Ցեղասպանությունը երբեք անակնկալ տեղի չի ունենում: Որպես կանոն, դրան նախորդում են խտրականության դրսևորումներ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի հանդեպ, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարման և խախտման կրկնվող դեպքեր:

Մենք հանձ ենք առնում մոբիլիզացնել մեր քաղաքական կամքը՝ կանխելու ցեղասպանությունները և մարդկության դեմ այլ հանցագործությունները, կիրառելով Գլխավոր քարտուղարի Մարդկության դեմ հանցագործությունների վերլուծական շրջանակը: Ցեղասպանության վտանգ պարունակող իրավիճակներին հստակ արձագանքման ձախողումը ոչ մի արդարացում չունի:

Մենք շեշտում ենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի, ներառյալ՝ այս Խորհրդի, Բարձր հանձնակատարի գրասենյակի, հատուկ զեկուցողների, պայմանագրային մարմինների դերը՝ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի այն ոտնահարումների վերաբերյալ տեղեկատվության հավաքման գործում, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության։

Հրավիրելով աշխարհի ուշադրությունն այն իրավիճակներին, որոնք կարող են հանգեցնել նման ոճրագործությունների, անհրաժեշտ է նաև հետագա գործողություններ և համակարգված ջանքեր գործադրել՝ կանխարգելումը գործնականում իրականցնելու համար:

Շնորհակալություն:

 

1.     ԱՄՆ

2.    Բելգիա

3.    Բուլղարիա

4.    Գերմանիա

5.    Դանիա

6.    Էստոնիա

7.    Թուրքիա

8.    Իռլանդիա

9.    Իսլանդիա

10.  Իսրայել

11.   Իտալիա

12.  Լեհաստան

13.  Լիխտենշտեյն

14.  Լիտվա

15.  Լյուքսեմբուրգ

16.  Խորվաթիա

17.  Կիպրոս

18.  Կոստա-Ռիկա

19.  Հայաստան

20. Հյուսիսային Մակեդոնիա

  

21.  Հոնդուրաս

22.  Հունաստան

23. Մալավի

24.  Մարշալյան կղզիներ

25. Միացյալ Թագավորություն

26. Մոնակո

27.  Մոնտենեգրո

28.    Նիդերլանդներ

29. Նոր Զելանդիա

30. Նորվեգիա

31.  Շվեյցարիա

32. Չեխիա

33. Պաղեստին

34. Ռումինիա

35. Սան-Մարինո

36. Սլովակիա

37. Սլովենիա

38. Վրաստան

39. Ուրուգվայ

40. Ֆինլանդիա

41.  Ֆրանսիա

  • Կիսվել: