ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՄԱԿ-ի 1974 թվականի  բանաձևի համաձայն՝ Ադրբեջանի գործողությունները Հայաստանի նկատմամբ համարվում են ագրեսիա. Փաշինյան

ՄԱԿ-ի 1974 թվականի բանաձևի համաձայն՝ Ադրբեջանի գործողությունները Հայաստանի նկատմամբ համարվում են ագրեսիա. Փաշինյան

Ինչպես գիտեք, այս տարվա սեպտեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետությունը բախվել է ադրբեջանական չարդարացված և չհրահրված ագրեսիայի, որը հանգեցրել է ոչ միայն Հայաստանի որոշ ինքնիշխան տարածքների օկուպացման, այլև զինվորականների, ինչպես նաև քաղաքացիական անձանց շրջանում կորուստների և քաղաքացիական ենթակառուցվածքների զգալի ավերմանը։ Այս մասին ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ադրբեջանական հերթական ագրեսիան, և մասնավորապես այն, որ մինչ օրս չենք կարողացել որոշում կայացնել նշված ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ, առաջ է բերում հիմնարար հարցեր, որոնք չափազանց կարևոր են ինչպես ՀԱՊԿ-ի համար, այնպես էլ՝ հայ հասարակության շրջանում կազմակերպության ընկալման համար։

Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը։ Նման ձևակերպման գոյությունն ինքնին կարող է տարօրինակ թվալ, բայց մեր վերջին քննարկումներն ուսումնասիրելով՝ մենք հանգել ենք այն եզրակացության, որ սա չափազանց կարևոր է։

Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրի համաձայն՝ ԱՊՀ հիմնադիր երկրները՝ որպես անկախ պետություններ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը։ Սա նշանակում է, որ վերոնշյալ երկրներն անկախացել են այն վարչական սահմաններով, որոնք գոյություն ունեին հանրապետությունների միջև Խորհրդային Միության տարիներին։ Այսինքն՝ նախկին վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ, իսկ վերոնշյալ երկրների տարածքները որոշվել են հենց ա յս սահմաններով։ Հենց այս սահմաններով է, որ Հայաստանի Հանրապետությունը դարձել է ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի անդամ։

2021 թ. մայիսի 11-ից Ադրբեջանը երեք անգամ կիրառել է զինված ուժեր և օկուպացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 140 քառակուսի կիլոմետր։ Դա տեղի է ունեցել 2021 թ. մայիսի 11-ին ու նոյեմբերի 14-ին և 2022 թ. սեպտեմբերի 13-ին:

Այսպիսով, ՄԱԿ-ի 1974 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 3314 բանաձևի համաձայն՝ Ադրբեջանի վերոնշյալ գործողությունները համարվում են ագրեսիա՛՛։

  • Կիսվել: