«ՄԱԿ-80» նախաձեռնության շրջանակներում աշխատանքային խմբի հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է գլխավոր քարտուղարի զեկույցների վերանայմանը
«ՄԱԿ-80» նախաձեռնության շրջանակներում մանդատների կիրարկման վերանայման աշխատանքային խմբի հանդիպմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով և անդրադարձել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցների վերանայմանը, ինչպես նաև մանդատների բարելավման վերաբերյալ քարտուղարության կողմից ներկայացված առաջարկություններին։ Այդ մասին հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից։
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնարությունը՝ նպաստելու կազմակերպության արդյունավետության բարձրացմանը՝ միաժամանակ պահպանելով անդամ երկրների կողմից տրված մանդատներին համապատասխան անաչառ, օբյեկտիվ ու փաստերի վրա հիմնված Գլխավոր քարտուղարի զեկույցների ներկայացման կարևորությունը։
Ընդգծվել է, որ մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից։ Արդյունավետությունը պետք է արտացոլվի ոչ միայն մանդատների բովանդակության, այլև Կազմակերպության աշխատանքի կազմակերպման եղանակի մեջ։ Սա ենթադրում է առավել հակիրճ և մատչելի փաստաթղթերի պատրաստում, տեքստերի ավելի գիտակցված մշակում, ինչպես նաև բանակցությունների կենտրոնացում բովանդակային հարցերի վրա՝ խուսափելով կրկնվող բնույթի առաջարկություններից։ Այս մոտեցումը հնարավորություն կտա Կազմակերպությանը առավել արդյունավետ օգտագործել իր սահմանափակ ժամանակն ու ռեսուրսները և ավելի արդյունավետ կատարել անդամ պետությունների կողմից իրեն վերապահված մանդատները։



