ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մադրիդյան սկզբունքներով Արցախը տեսականորեն կարող էր լինել և՛ Ադրբեջանի կազմում, և՛ Ադրբեջանի կազմից դուրս․ վարչապետ

Մադրիդյան սկզբունքներով Արցախը տեսականորեն կարող էր լինել և՛ Ադրբեջանի կազմում, և՛ Ադրբեջանի կազմից դուրս․ վարչապետ

Քարոզչական և այլ բերումներով երբ ասել ենք՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, այնպիսի ֆոն է ստեղծվել, որ միանգամից հասկանում են Ադրբեջանի կազմից դուրս, իսկ ո՞վ է դրա մասին ասել։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցերին, թե 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ի՞նչ է սահմանված Արցախի կարգավիճակի վերաբերյալ, արդյոք այդ փաստաթղթում հիմք կա՞, որ Արցախը կարգավիճակ ունենա, բայց Ադրբեջանի կազմում և ինչո՞ւ է Ադրբեջանին ուղարկված առաջարկների չորրորդ կետը հետևյալ շարադրմամբ՝ Արցախի կարգավիճակի վերջնական լուծում, պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հայկական կողմն ասում է՝ Մադրիդյան սկզբունքներում նման բան կա, որ հանրաքվեի դրվող հարցերը չեն կարող ունենալ որևէ կարգավիճակի սահմանափակում, և ոչ ոք չէր հարցնում՝ Ադրբեջանն ինչու՛ է այդ ձևակերպումը ընդունել, որովհետև այդ նույն ձևակերպմամբ Լեռնային Ղարաբաղը կարող է լինել նաև Ադրբեջանի կազմում։

Հետևաբար, այն կարգախոսը, թե իբր իրենք բանակցել են, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, կեղծ կարգախոս է, որովհետև հենց իրենց բանակցածով նշանակում է, որ ԼՂ-ն կարող էր լինել Ադրբեջանի կազմում։ Այն, որ չի կարող լինել կարգավիճակի որևէ սահմանափակում, նշանակում էր, որ տեսականորեն կարող էր և՛ Ադրբեջանի կազմից դուրս լինել, և՛ Ադրբեջանի կազմում՛՛։

Վարչապետի խոսքով՝ մեր դիվանագիտությունը Մադրիդյան սկզբուքները ներկայացնում է որպես ՛՛դարակազմիկ հաջողություն՛՛:

՛՛Որովհետև ասվում է, որ ԼՂ կարգավիճակը պետք է կողմերի միջև համաձայնեցված ժամկետում որոշվի հանրաքվեով։ Տրամաբանական հարց պետք է հնչեր՝ Ադրբեջանը ինչո՞ւ էր ընդունել այդ առաջարկները։ Մեր իրականության մեջ երբեք այդպիսի հարց չի հնչել։ Ադրբեջանը հասկացել է, որ երբ միջազգային հանրությունով դու արձանագրում ես, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ապագայում՝ կողմերի համաձայնությամբ, անորոշ տեղում, անորոշ ժամկետներով, անորոշ մասնակիցներով տեղի ունենալիք հանրաքվեով, հայկական կողմն ընդունում է, որ 1991 թ-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն ոչ մի բան չի որոշել։

Դու քո ձեռքերով կտրում ես այն ճյուղը, որի վրա նստած ես։ Արցախյան հարցում հայկական խոսույթը եղել է այն, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, որովհետև 1991 թ-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեով դուրս է եկել Ադրբեջանի կազմից, հետո 2007թ-ին ասում է, որ կարգավիճակը ապագայում պետք է որոշվի՝ չեղարկելով 1991 թ-ի հանրաքվեն՛՛,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: