Լուսինե Բադալյանը պնդում է, որ Գրիգոր Մինասյանի հարցով ստորագրահավաքը չեն համաձայնեցրել Փաշինյանի հետ
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը պնդում է, որ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք սկսելուց առաջ այդ հարցը չեն համաձայնեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ես նույնիսկ ամաչում եմ լսել այդպիսի հարց, ուզում եմ հիշեցնել, որ սա խորհրդարանական երկիր է, ես էլ ԱԺ պատգամավոր եմ, իհարկե չենք համաձայնեցրել»,-ասաց նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Լրագրողները հիշեցրին, որ 2021-ին Նիկոլ Փաշինյանը մուրճ էր վերցրել ձեռքը եւ ասում էր, որ այն իրավական առումով հատ-հատ իջնելու է բոլոր թալանչիների գլխին եւ վերադարձվելու է թալանը, բայց դա չարվեց: Հարցին՝ ժողովրդին բավարարելու համար հնարավո՞ր է՝ գտնեք մեղավորներ եւ ստորագրահավաք սկսվի խնդիրները վեր հանելու համար, նա արձագանքեց. «Ամեն ինչ հնարավոր է»:
Նա բոլոր ձախողումների համար պատասխանատու համարեց առաջին հերթին իրեն:
Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել է, որ պաշտոնից ազատման դիմում է գրել:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել: