«Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» միջև կառուցողական, ակտիվ երկխոսություն է ընթանում․ Արման Աբովյան
Քաղաքական պրոցես է ընթանում ու շատ կոնստրուկտիվ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով իրենց երկու նախաձեռնությունների վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» հետ քննարկումներին։
Հիշեցնենք՝ ԲՀԿ-ն առաջարկել էր ստեղծել կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով և արտակարգ դրության ժամանակ հավաքներն արգելելու մասին որոշման իրավաչափությունը ստուգելու համար դիմել Սահմանադրական դատարան։ Սակայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից նախապայման էին առաջարկել՝ ասելով, որ Քննիչ հանձնաժողովի ձևավորմանը կմասնակցեն այն դեպքում, եթե ԼՀԿ պատգամավորը գլխավորի այն։ Իսկ ՍԴ դիմելու հարցում Էդմոն Մարուքյանն ասել էր, որ հարցը կարելի է լուծել նաև խորհրդարանում։
Երբ լրագրողները հիշեցրին Մարուքյանի առաջ քաշած պայմանի մասին, Աբովյանը արձագանքեց․ «Ես կարծում եմ, որ ոչ մենք, ոչ մեր գործընկերները պայմաններով կամ նախապայմաններով չպետք է խոսենք։ Դրա հետ մեկտեղ հարգանքով ենք վերաբերվում պարոն Մարուքյանի կարծքին։ Ոչ մի մանրամասն այս պահին չեմ ասելու, գնում է ակտիվ երկխոսություն երկու առաջարկների վերաբերյալ։ Կարծում եմ, որ ավելորդ նյարդացումը իմաստ չունի»։


