կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշակի դադար կվերցնի՝ վերլուծելու անելիքները

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշակի դադար կվերցնի՝ վերլուծելու անելիքները

 «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշակի դադար կվերցնի՝ վերլուծելու անելիքները: Այս մասին ասուլիսում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը նախ շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, որոնք իրենց ձայնը տվել են ԼՀԿ-ին՝ վստահեցնելով, որ իրենց քվե տվողները չեն զղջա: Նա հույս հայտնեց, որ 8-րդ գումարման ԱԺ-ում ընդգրկված ուժերը ի շահ պետականության կգործեն: «Ընդունելով ընտրությունների այդ արդյունքները՝ շարունակելու ենք արտախորհրդարանական մեր գործունեությունը»,-ասաց Մարուքյանը:

Նա հավելեց, որ արտերկրում ունեցած իրենց խողովակներն ակտիվ կօգտագործեն պետության համար: «Կապ չունի՝ խորհրդարանական ուժ ես, թե արտախորհրդարանական: Այն ամենը, ինչը կուսակցությունը որպես քաղաքական կապիտալ ունի, ավելի է զարգացնելու և ծառայեցնելու է մեր ազգային պետական շահերը սպասարկելուն»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպմանը՝ Մարուքյանը հիշեցրեց, որ Փաշինյանն է նախաձեռնել հանդիպումներ՝ ընտրություններին մասնակցած ուժերի հետ: «Մենք երբևէ չենք մերժել որևէ հանդիպում՝ որևէ քաղաքական ուժի ղեկավարի կամ պետության ղեկավարի հետ: Եվ հանդիպման ժամանակ նա ասել է՝ կա արտախորհրդարանական ուժերի հետ շփումների ինչ-որ ձևաչափ ստեղծելու գաղափար, որպեսզի արտախորհրդարանական ուժերի ձայնը լսելի լինի: Ես էլ ասացի՝ երբ կստեղծվի, կքննարկենք»,- նշեց Մարուքյանը:

Հանդիպման ընթացքում աշխատանքի առաջարկի հետ կապված որևէ քննարկում չի եղել, ինքն էլ չի ակնկալում: Մարուքյանն իրեն խորհրդարանից դուրս չի պատկերացնում, սակայն վստահեցնում է, որ իր ուժերի ներածին չափով ծառայելու է պետությանը: Նա աշխատանք չի փնտրում հիմա: ԼՀԿ ղեկավարը նշեց, որ կուսակցությունը շատ մեծ գործ ունի անելու՝ վերաիմաստավորելու ներքին համակարգը, կառույցները վերադասավորելու իմաստով, բայց հավելեց նաև, որ մի փոքր հանգստանալու կարիք ունեն: «Տան երես չենք տեսել ոչ մեկս՝ ոչ միայն այս քարոզարշավի պատճառով: Մեզ նաև որոշակի դադար է պետք՝ իմաստավորելու, վերլուծելու մեր անելիքները»,-ասաց նա:

Աշնանը սպասվում են ՏԻՄ ընտրություններ, օրինակ, Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում: «Կտեսնենք, որտեղ նորմալ վիճակ ունենք, որտեղ կառույցը, թիմը ուժեղ են, ամբիցիա ունեն՝ մտնելու պրոցեսի մեջ, անպայման կմտնենք, որտեղ չէ՝ կսպասենք»,-նշեց նա:

  • Կիսվել: