կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր՝ Հայաստանը ակտիվորեն նպաստում է համաշխարհային բնապահպանական ջանքերին․ ԱԳՆ գլխավոր քարտուղար

Լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր՝ Հայաստանը ակտիվորեն նպաստում է համաշխարհային բնապահպանական ջանքերին․ ԱԳՆ գլխավոր քարտուղար

Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հունիսի 13-ին Մարսելում մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին և ելույթ ունեցել «Հանգստություն հոսանքների մեջ. Հաղթահարելով հակամարտություններն ու ճգնաժամերը» խորագրով կլոր սեղան քննարկմանը։

Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ 

Իր ելույթում գլխավոր քարտուղարը շեշտել է ծովային անվտանգության կարևորագույն նշանակությունը համաշխարհային առևտրի, խաղաղության և շրջակա միջավայրի կայունության գործում: Նա ընդգծել է ծովային տարածաշրջաններին սպառնացող շարունակական վտանգները, այդ թվում՝ ծովահենությունը, մարդկանց անօրինական թրաֆիքինգը, կազմակերպված հանցագործությունները և աճող աշխարհաքաղաքական լարվածությունը, որոնք խաթարում են միջազգային կայունությունը: 

Նա շեշտել է միջազգային իրավունքի, մասնավորապես՝ ՄԱԿ կանոնադրության և ՄԱԿ Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի լիակատար պահպանման անհրաժեշտությունը՝ որպես ինքնիշխանության, նավարկության ազատության և վեճերի խաղաղ կարգավորման ապահովման հիմք: Նա նաև ընդգծել է զարգացմանը միտված և ներառական մոտեցումների միջոցով ծովային անապահովության արմատական ​​պատճառների հասցեագրման կարևորությունը։  

Դավիթ Կարապետյանը նշել է, որ, չնայած լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, Հայաստանը ակտիվորեն նպաստում է համաշխարհային բնապահպանական ջանքերին: Վերջերս Նիցցայում կայացած ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի ընթացքում Հայաստանը ստորագրել է «Ազգային իրավասությունից դուրս գտնվող տարածքների ծովային կենսաբազմազանության մասին» համաձայնագիրը (BBNJ): Հայաստանը պատրաստվում է նաև 2026 թվականին հյուրընկալել «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), որը կներառի օվկիանոսային կենսաբազմազանության ամուր շեշտադրում։ 

Գլխավոր քարտուղարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը բազմակողմ համագործակցությանը և ապագա սերունդների համար օվկիանոսների պաշտպանությանը։

 

 

  • Կիսվել: