հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Լիլիթ Մակունցի աշխատանքային իմիտացիան․ «Հրապարակ»

Լիլիթ Մակունցի աշխատանքային իմիտացիան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է «ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը կարծես քնից արթնացել է եւ մեկ օրվա ընթացքում միանգամից 3 ֆեյսբուքյան գրառում է արել՝ մեկը մյուսից «ունիկալ»: Վերջին մեկուկես ամսվա ընթացքում դեսպանատան էջը բացառապես զբաղված էր այս կամ այն լուրով իր էջում կիսվելու կարեւորագույն առաքելությամբ: Մեկ էլ հանկարծ դեսպանության էջում միանգամից երեք գրառում է արվում:

Նախ՝ դեսպանության էջը տեղեկացնում է, որ դեսպանը հանդիպել է մի սենատորի խորհրդականի հետ: Սա իրականում աբսուրդային հանդիպում է, քանի որ դեսպանները սովորաբար հանդիպում են հենց սենատորների, այլ ոչ թե նրանց աշխատակիցների հետ: Սա անհարգալից վերաբերմունք է սենատորի կողմից Հայաստանի դեսպանի նկատմամբ, եթե սենատորը հանդիպման է ուղարկում իր աշխատակցին, ոչ թե ինքն է հանդիպում օտարերկրյա դեսպանի հետ: Իսկ մեր դեսպանը պարտավոր էր դա հասկանալ եւ հանդիպման ուղարկել իր տեղակալին կամ այլ աշխատակցի: Պատկերացրեք՝ Հայաստանի ԱԺ պատգամավորի օգնականը հանդիպի ԱՄՆ դեսպանի հետ, եւ դեսպանատան էջն այդ «փառավոր» հանդիպման մասին գրառում անի:

Հաջորդ գրառումը վերաբերում է խոհարարական մի մրցույթի, որին մասնակցել է մի ամերիկահայ, եւ ընդհանրապես պարզ չէ, թե դեսպանությունն ինչ կապ ունի այս մրցույթի հետ եւ ինչու է այս մասին գրառում անում պաշտոնական էջում, մանավանդ, եթե մասնակից խոհարարն առաջին հորիզոնականում չի հայտնվել: Տպավորություն է ստեղծվում, թե դեսպանն աշխատանքի իմիտացիա է անում, որ արդարացնի իր նշանակումն այդ պաշտոնին, եւ դեսպանության հետ ընդհանրապես կապ չունեցող գրառումներ է ինքնանպատակ տարածում: Հաջորդ գրառումն ամենահետաքրքրականն է: Սովորաբար Մակունցը բոյկոտում է Հայ առաքելական եկեղեցին, խուսափում է Վաշինգտոնում գործող որեւէ հայկական եկեղեցի այցելելուց, չի մասնակցում համայնքային խոշոր հավաքներին: Եվ հանկարծ մասնակցում է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ամենամյա հավաքույթին ու ելույթ ունենում այնտեղ հավաքված 50-60 հոգու առջեւ: Համայնքի մեր աղբյուրների փոխանցմամբ, Մակունցն այս հանդիպմանը մասնակցել է, քանի որ այն նվիրված չի եղել Հայոց ցեղասպանությանը, Լեռնային Ղարաբաղին, եւ օրակարգում եղել է բացառապես ընկերակցության գործունեության հզորացումը:

Ամերիկահայ համայնքում վիրավորված են, որ Լիլիթ Մակունցը Հայոց ցեղասպանությանը եւ Արցախին նվիրված միջոցառումներից խուսափում է եւ շարունակում է բոյկոտել համայնքի մի ստվար զանգվածին, որը դեմ է արտահայտվում, քննադատում է Հայաստանի իշխանություններին: Ի դեպ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջն այն բացառիկ էջերից է, որտեղ մեկնաբանություն թողնելու հնարավորությունը փակ է: Հայաստանի իշխանություններն ամեն քայլափոխի հայտարարում են իրենց ժողովրդավար լինելու մասին, սակայն ժողովրդավարության տարրական կանոնը՝ խոսքի ազատ արտահայտման իրավունքը, ՀՀ դեսպանության էջում սահմանափակվում է, եւ Նիկոլ Փաշինյանին քննադատողների մուտքն է արգելվում Հայաստան:
ԱՄՆ հայ համայնքում զավեշտական են համարում ՀՀ իշխանավորների հայտնած գնահատականները, թե Լիլիթ Մակունցը Հայաստանի լավագույն դեսպանն է, եւ հարցնում են, թե ինչ չափանիշներով են նման գնահատական տալիս, իրենց կարծիքով, ԱՄՆ-ում աշխատած ՀՀ ամենավատ դեսպաններից մեկին։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: