ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն մեկ շաբաթից հանդես կգան ռազմական դրության ռեժիմը վերացնելու նախաձեռնությամբ
Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ և ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցությունները համաձայնություն ունեն՝ սպասել ևս 7 օր և դրանից հետո հանդես գալ ռազմական դրության իրավական ռեժիմը հանելու հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ:
Մարուքյանն ասաց, որ հանդիպել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ: ՛՛ԳՇ պետը ինձ հորդորել և խնդրել է, որ մենք հիմա ռազմական դրությունը չհանենք՝ կախված սահմանում, ԶՈՒ-ում բազմաթիվ անելիքների հետ: Պատերազմի հետ կապված վտանգը չի անցել, և դեռ ամեն ինչ չի ավարտվել՛՛,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ ռազմական դրությունը պետք է հանվի, որպեսզի երկրում սկսեն քաղաքական և քաղաքացիական պրոցեսներ:
ԼՀԿ ղեկավարը նշեց, որ ընդունել է ԳՇ պետի առաջարկ-հորդորը: Մարուքյանն ասաց. ՛՛Եվ մենք քննարկել ու որոշում ենք ընդունել, որ ռազմական դրության իրավական ռեժիմը երկրում վերացնելու վերաբերյալ ԱԺ առանձին նախաձեռնություն կլինի 7 օր հետո՛՛:


