շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԼՀԿ-ն չի մասնակցի Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը

ԼՀԿ-ն չի մասնակցի Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը

ԱԺ ԼՀԿ  խմբակցությունը չի մասնակցի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հարցի քվեարկությանը: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Այնուհետև Մարուքյանը մեջբերեց 2018-ի հոկտեմբերի 18-ին «Մուլտիգրուպ» կոնցեռնի հետ համագործակցությամբ Հայաստանում կառուցվող ընկերության բացման արարողությանը Փաշինյանի ասած խոսքերը, որ Հայաստանում օլիգարխներ չկան, և հետո մեջբերեց նաև հոկտեմբերի 8-ին կողմերի միջև կնքված հուշագրից հատվածներ:

«Հետո խորհրդարանը ձևավորվում է, «Բարգավաճ Հայաստանը» զբաղեցնում է երկրորդ տեղը, Փաշինյանը հայտարարում է, որ ամենամեծ ընդիմադիր խմբակցությունն է, և, հետևաբար, այս խմբակցությունից պիտի ընտրենք ԱԺ փոխխոսնակ: Դրանով դուք ճանաչում եք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առողջ ուժ լինելու հանգամանքը: Սա հիշեցնում եմ, որովհետև այս ընթացքում ձեր հայտարարությունները հակասում են նախկին հայտարարություններին: Եկեք ազնիվ, անկեղծ խոսենք:

Էդ ո՞նց եղավ, որ երբ ձեզ պետք ա՝ «Բարգավաճ Հայաստանը» լավ ուժ ա, Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր ա, իրա տանը կարելի ա քեֆ անել, հետո էլ գալ մեզ ասել՝ բա իմացե՞լ եք ինչ ա եղել: Էդ ո՞նց եղավ: Արդյոք օրենքի ընտրողաբար կիրառման հանգամանք չկա: Իսկ ո՞վ ա մեզ կանգնացրել այս բարդ ընտրության առաջ»,- նշեց Մարուքյանը։

 

  • Կիսվել: