երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքները մինչ օրս հաղթահարված չեն. Արարատ Միրզոյան

ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքները մինչ օրս հաղթահարված չեն. Արարատ Միրզոյան

«Հայաստանի կողմից կազմակերպվող հերթական գլոբալ ֆորումը պետք է կայանար դեռ 2020 թվականի դեկտեմբերին, սակայն ցավոք այն հնարավոր չեղավ իրականացնել ոչ միայն համավարակի, այլև ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով, այդ ագրեսիվ պատերազմի հետևանքները մինչ օրս հաղթահարված չեն»,- այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումին ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը ներկայացրեց այս 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի կողմից ուժի կիրառման օրինակները. «Նախորդ տարվա մայիսին ու նոյեմբերին և այս տարվա սեպտեմբեերի 13-14-ին Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկվեց Հայաստանի ինքնիշխան տարածքը, ինչի հետևանքով տեղի ունեցան մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքների կոպիտ խախտումներ, այդ թվում՝ կյանքի իրավունքի, խոշտանգումների արգելքի, գերիների հետ վարվելակերպի: Հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգության նոր սպառնալիքների, որոնք մինչ այս պահը վերացված չեն: Այս իրավիճակը երկարատև գործընթացի արդյունք է, երբ տարիներ շարունակ հայերի հանդեպ իրականացվող ծայրահեղ ատելության տարածումը, ռազմական կարողությունների հետևողական զարգացումն ի վերջո վերածվեցին ուժի կիրառման: Ուժի կիրառմամբ արտաքին քաղաքական խնդիրների մոտեցումը, որը դրսևորվում է աշխարհի տարբեր անկյուններում նոր պատերազմների և հակամարտությունների բռնկմամբ, վկայում է համաշխարհային անվտանգային համակարգի ճգնաժամի մասին: Ակնհայտ է, որ ուժը միշտ էլ եղել է միջազգային հարաբերությունների կարևոր գործոն, սակայն որևէ միջազգային համակարգ չի կարող հիմնված լինել բացառապես ուժն է ծնում իրավունք սկզբունքի վրա, քանզի ինչպես գիտենք ուժեղից միշտ էլ առավել ուժեղը կա»:

  • Կիսվել: