ԼՂ–ի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի` միջազգային երաշխիքով. Փաշինյանի առաջարկն Ալիևին
Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստության շրջանակներում Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում ԼՂ-ում բանակ ունենալու մեջ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախ, պիտի արձանագրեմ, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի։ Եվ Ադրբեջանն ինքն է մերժել այս հարցը պարզաբանելու համար Լեռնային Ղարաբաղ դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկը, որը ես արել եմ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։
Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա ԼՂ Պաշտպանության բանակ, որը թերևս լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար։ Իմ ընկալումն այն է, որ ԼՂ հայությունը բանակ ունի միայն ու միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով։
Ընդ որում, հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ ԼՂ իշխանությունների առաջարկն այս թեմայով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի՝ միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի Պաշտպանության բանակ Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ։ Այդ առաջարկը, կարծում եմ, շարունակում է մնալ ուժի մեջ», - ընդգծեց նա։
Նա նաև հիշեցրեց, որ ապառազմականացման առաջարկ Հայաստանն արել է նաև ՀՀ–Ադրբեջան սահմանի մասին` առաջարկելով զորքերը հետ քաշել 1991թ–ին հաստատված սահմանից ու ստեղծել 3կմ–անոց ապառազմականացված գոտի։ Նրա խոսքով` հոկտեմբրի 31-ին Ադրբեջանին է փոխանցվել նաև այս առաջարկի նորացված տարբերակը։
«Ադրբեջանը զորքերի հայելային հետքաշման գործընթացը փակուղի է մտցնում՝ շարունակելու համար ցեղասպանի իր ագրեսիվ քաղաքականությունը: Ադրբեջանի ԶՈւ–ն պետք է դուրս բերվի ՀՀ ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված տարածքներից, և մեր այս դիրքորոշումը որևէ կերպ փոփոխության չի ենթարկվի»,– ասաց Փաշինյանը։


