կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
ԼՂ հարցում ուժային սցենարի շուրջ ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումների անհամաձայնությունը չի խանգարում սերտ համագործակցությանը. Պեսկով

ԼՂ հարցում ուժային սցենարի շուրջ ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումների անհամաձայնությունը չի խանգարում սերտ համագործակցությանը. Պեսկով

Թուրքիայի հետևողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուժային սցենարի հարցում չի համընկնում Ռուսաստանի դիրքորոշման հետ։

Այս մասին RT հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ դիրքորոշումների չհամընկնելը չի խանգարում Մոսկվայի ու Անկարայի սերտ համագործակցությանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության լուծման ուժային սցենարին հավանություն տալու հետևողական դիրքորոշում է զբաղեցրել։

«Այս հարցում մենք լրջորեն համակարծիք չէինք և համակարծիք չենք մեր թուրք գործընկերների հետ։ Բայց սա մեզ չի խանգարում շարունակել սերտ համագործակցությունը բոլոր մակարդակներով, այդ թվում՝ ամենաբարձր», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարության ընդունումից հետո շարունակում է ինտենսիվ կապ պահպանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

«Անհրաժեշտության դեպքում այդ շփումները բավականին ինտենսիվ շարունակվում են նաեւ հիմա»,- ասել է նա` մեկնաբանելով այն հարցը, որ Կրեմլի մամուլի ծառայությունը լրատվամիջոցներին չի տեղեկացրել երեք առաջնորդների բոլոր հեռախոսային կապերի մասին, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության նախապատրաստման ընթացքում:

  • Կիսվել: