երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Լեյլա Քայաջիկի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը անդրադարձ է եղել ԼՂ հայ բնակչության խախտված իրավունքների փաստահավաք աշխատանքներին

Լեյլա Քայաջիկի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը անդրադարձ է եղել ԼՂ հայ բնակչության խախտված իրավունքների փաստահավաք աշխատանքներին

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
 
Պատվիրակությունը փաստահավաք առաքելություն է իրականացնում, որը նպատակ ունի տեղում վերհանել և գնահատել ՀՀ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամով պայմանավորված մարտահրավերները, քննարկել ԵԽ-ի հնարավոր աջակցությունը սույն խնդիրների լուծման հարցում և այս առնչությամբ նախարարության հետ փոխգործակցության եզրերը։ 
 
Նախարարի տեղակալը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած հերթական լայնածավալ ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման, այդ գործողությունների վերջնական նպատակը հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամային իրավիճակը։ 
 
Նախարարի տեղակալը ներկայացրել է բռնի տեղահանված անձանց կարիքների և իրավունքների պաշտպանությանը, իրավական կարգավիճակին առնչվող խնդիրները: Հատուկ անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված անձանց խախտված իրավունքների փաստահավաք աշխատանքներին, այդ իրավունքների վերականգնման, Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի իրացման համատեքստում աշխատանքներին և այդ ուղղությամբ ԵԽ հետ համագործակցության շրջանակներին:
 
Այս համատեքստում Կարեն Կարապետյանը նշանակալից է որակել ԵԽԽՎ-ի կողմից՝ հոկտեմբերի 12-ին ընդունած 2517 թվակիր բանաձևը, որն ի շարս այլոց արձանագրել է ավելի քան 100.600 հայերի կողմից Լեռնային Ղարաբաղը լքելու փաստը, դրանում էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածները, և որ դրանց պատճառը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունները և դրան նախորդած՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամն է։ Վեհաժողովը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության ողբերգական արտագաղթը չպետք է ընդունվի որպես նոր իրականություն և կոչ է արել Նախարարների կոմիտեին ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ մոնիթորինգային գործընթաց:
 
Լեյլա Քայաջիկը նշել է՝ ԵԽ-ի պատրաստակամությունն աջակցել է Հայաստանի Հանրապետությանը ստեղծված ճգնաժամային իրավիճակում, տեղեկացնելով, որ այդ աջակցությունը կարող է ներառել թե՛ ոլորտային ծրագրի, և թե՛ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թթ. գործողությունների ծրագրով նախատեսված այլ գործողությունների ներքո համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով՝ ներառելով սույն ճգնաժամային իրավիճակում Հայաստանի կարիքները։
 
Կողմերը քննարկել են պետական մարմինների աշխատակիցների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը՝ սույն ճգնաժամային իրավիճակին պատշաճ արձագանք ապահովելու նպատակով, տեղահանված անձանց իրավական կարգավիճակով ապահովման և նրանց անխոչընդոտ մասնակցությունն ապահովելու օրենսդրական մարտահրավերները և այս ուղղությամբ ԵՄ անդամ պետությունների փորձը:
 
Կողմերը քննարկել են նաև ԵԽ-ի աջակցության հնարավորությունները՝ սույն թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ ազգային ժողովի կողմից վավերացված Հռոմի ստատուտի կիրարկման շրջափուլում։
 
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը:

  • Կիսվել: