հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ներքաղաքական վիճակի մասին․ Երեք ճամբարներում իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը

Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ներքաղաքական վիճակի մասին․ Երեք ճամբարներում իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը

Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը։  Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ iLur-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը: Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են»,-նշել է ՀՀ առաջին նախագահը:

Ըստ Տեր-Պետրոսյանի՝ ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է:

«Հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն: Քաղաքագիտական և լրատվական դաշտի ակտիվ դերակատարները, գրեթե ամբողջությամբ, սպասարկում են հիշյալ երեք ճամբարների շահերը»,-նշել է նա:

  • Կիսվել: