ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ապագա կարգավիճակի հետ կապված ձևավորված է ներքաղաքական միասնական օրակարգ՝ չշեղվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքից․ Արայիկ Հարությունյան

Արցախի ապագա կարգավիճակի հետ կապված ձևավորված է ներքաղաքական միասնական օրակարգ՝ չշեղվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքից․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր՝ ապրիլի 29–ին, Երևանում կայացել է կառավարական պատվիրակությունների հանդիպում։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահ Հարությունյանը բացման խոսքում նշել է, որ այցի նպատակն է քննարկել արտաքին քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրները, ինչպես նաև ավելի սերտացնել երկու կառավարությունների միջև առկա փոխգործակցությունը։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Արցախի ապագա կարգավիճակի հետ կապված՝ ձևավորված է ներքաղաքական միասնական օրակարգ՝ չշեղվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքից։ Այս առումով Նախագահը կարևոր է համարել ՀՀ իշխանությունների հետ ունեցած այն պայմանավորվածությունը, որ ցանկացած փաստաթուղթ քննարկվելու է Արցախի իշխանությունների հետ, և ցանկացած որոշում պետք է բխի Արցախի ժողովրդի տրամադրություններից։

«Երկրորդն անվտանգային բաղադրիչն է, որն այսօր Արցախի համար ամենակարևորն է։ Բարեբախտաբար, վերջին ժամանակահատվածում ռուս խաղաղապահների անմիջական միջնորդությամբ իրավիճակը, կարծես, կայունացել է, որը հնարավորություն է տալիս քննարկելու սոցիալ-տնտեսական ծրագրերը:

Մեր գլխավոր խնդիրներն այս փուլում քաղաքական, անվտանգային, նաև ժողովրդագրական ու սոցիալ-տնտեսական հարցերն են: Այս ամենում որևէ խնդիր չենք ունեցել, բայց նաև կան հարցեր, որոնց պատասխաններն ակնկալում ենք ստանալ այսօրվա քննարկման ժամանակ։ Դրանով էլ պայմանավորված են լինելու մեր հետագա քայլերը՝ այդ ծրագրերը շարունակելու համատեքստում»,- ընդգծել է Նախագահը:

ՀՀ վարչապետն իր հերթին նշել է, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ամփոփելու համատեղ կատարած աշխատանքները և պլանավորելու հետագա անելիքները:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը: Եվ, հետևապես, այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է, և նման բան երևակայելն ուղղակի անհնար է:

«Կարևոր եմ համարում և բարձր եմ գնահատում Ձեր՝ վերջին շրջանում արած հայտարարությունն այն մասին, որ Արցախի իշխանությունները նույնպես, ըստ էության, որդեգրում են խաղաղության օրակարգը: Եվ ես ուզում եմ ասել, որ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ: Խաղաղության օրակարգը պատերազմի արհավիրքը և պատերազմին հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է: Շատ դժվար աշխատանքի արդյունքում պետք է այսօր արձանագրեմ, որ տեսնում եմ այն ճանապարհը, ընդ որում՝ տեսնում եմ այն քայլերի հաջորդականությունը, որոնք մեզ պետք է հանգեցնեն այն հանգրվանին, որի մասին մենք անընդհատ խոսում ենք, քննարկում ենք և որի մասին բարձրաձայնել ենք: Այն է՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխավորումը, և, ինչպես նախկինում ասել եմ, շատ կարևոր սկզբունք կա, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի և հայ: Այս է այն օրակարգը, որ մենք համատեղ պետք է առաջ մղենք»,- ասել է ՀՀ վարչապետը:

  • Կիսվել: