չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Լավ պլանավորված էթնիկ զտման քաղաքականության փորձ է. Վարդանյանը՝ Լաչինի միջանցքը փակելու մասին

Լավ պլանավորված էթնիկ զտման քաղաքականության փորձ է. Վարդանյանը՝ Լաչինի միջանցքը փակելու մասին

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ադրբեջանցիների կողմից Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը փակելը համարում է էթնիկ զտման քաղաքականության, անգամ ցեղասպանության փորձ:

Վարդանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում՝ անդրադառնալով ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքը փակելուն:

 

Վարդանյանը համարում է, որ առնվազն, եթե միջազգային իրավունքը չի մահացել, ապա կլինիկական մահ է տանում:

«Մտավախություն ունեմ, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր՝ կապված այդ «բնապահպանների», «պսևդոբնապահպանների» հետ, ոչ այլ ինչ է, քան շատ լավ պլանավորած էթնիկ զտման քաղաքականության փորձ»,-ասաց պատգամավորը:

Նա մեջբերում արեց Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայից՝ ցեղասպանություն նշանակում է  որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը: «Մենք դրա հետ ենք բախվում»,-նշեց Վարդանյանը:

Պատգամավորը վստահ է, որ հայ ժողովուրդը միասնականորեն կարող է  հաջողությունների հասնել:

  • Կիսվել: