երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
ԿԸՀ-ն խառնել է քաղաքական ուժերի վստահված անձանց բեյջերը․ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ

ԿԸՀ-ն խառնել է քաղաքական ուժերի վստահված անձանց բեյջերը․ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ

Հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) խառնել է քաղաքական ուժերի վստահված անձանց բեյջերը։ Այս մասին հունիսի 29-ին Սահմանադրական դատարանի նիստում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը։

Դատավոր Սեդա Սաֆարյանը բարձրացրել է այն հարցը, որ ընդդիմության կողմից նույնպես խախտումներ են արձանագրվել, որոնք արտացոլված են ԿԸՀ 258Ա որոշման մեջ։ Ըստ Սաֆարյանի՝ «Հայաստան» դաշինքի վստահված անձանցից մեկը տեսանկարահանել է ընտրողի քվեարկության ընթացքը։ Դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը խնդրել է հստակեցնել՝ նկարահանումը թիկունքի՞ց է արվել։ Սաֆարյանը պատասխանել է, որ նկարահանվել է տեղից։ Ամեն դեպքում, Խուդոյանն արձանագրել է, որ քվեարկության գաղտնիության խախտման փաստի առկայության դեպքում տվյալ անձը պետք է պատասխանատվության ենթարկվի։

Այնուհետև Սեդա Սաֆարյանը հարց է ուղղել «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ նշելով, թե այդ քաղաքական ուժի ներկայացուցիչն իբր ընտրողին հարցրել է՝ «իսկ որտե՞ղ է ընտանիքդ»։

Դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը պարզաբանել է, որ երբ իրենց են փոխանցվել վստահված անձանց վկայականները, պարզվել է, որ դրանց մեջ եղել են այլ քաղաքական ուժերի բեյջեր։ Վերջին պահին խնդիրը կարգավորվել է, սակայն կարելի է ենթադրել, որ «Ուժեղ Հայաստան»-ի բեյջերը հայտնվել են այլ ուժերի մոտ։

«Եթե դուք նման տեղեկություն ունեք, պետք է պարզել՝ արդյո՞ք դա իսկապես եղել է մեր ուժի ներկայացուցիչը»,- ընդգծել է Մելոյանը՝ իր հերթին խոստանալով բազմաթիվ տվյալներ փոխանցել այն մասին, թե ինչպես են «Քաղաքացիական պայմանագիր» («ՔՊ») կուսակցության ներկայացուցիչներն ուղղորդել ընտրողներին։

  • Կիսվել: