ԿԸՀ-ն ապահովում է ուղիղ հեռարձակում 1774 ընտրական տեղամասերից. ԿԸՀ նախագահի տեղակալ
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում ուղիղ հեռարձակում է իրականացվում 300-ից ավելի ընտրող ունեցող 1774 ընտրական տեղամասերից։ Տեխնիկական սարքավորումները և տեսահսկման համակարգերը գործում են անխափան՝ նպաստելով ընտրական գործընթացների թափանցիկությանն ու հանրային վստահության բարձրացմանը։
Այս մասին հայտնեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և արդյունքների տեսանկարահանման գործընթացը:
«Նշեմ, որ 2017 թվականից Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացներում ներդրվել են տեխնիկական սարքավորումներ, ինչպես նաև ընտրական տեղամասերից ուղիղ հեռարձակում ապահովող տեսախցիկներ։ 2017 թվականին այս գործիքը նախատեսված էր բացառապես Ազգային ժողովի ընտրությունների համար, իսկ 2023 թվականից ընտրական տեղամասերից ուղիղ հեռարձակում սկսեց իրականացվել նաև համամասնական ընտրակարգով անցկացվող ՏԻՄ ընտրությունների ժամանակ։
Ցանկանում եմ հիշեցնել նաև, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերը ուղիղ հեռարձակվում են դեռևս 2013 թվականից»,-ասաց նա:
Հովհաննիսյանն արձանագրեց, որ ընտրողների նույնականացումն ապահովող տեխնիկական սարքավորումներն ու տեսախցիկները նպաստել են ընտրությունների հրապարակայնությանն ու թափանցիկությանը։ «Ամենակարևորը՝ կարծում եմ, բարձրացել է հանրության վստահությունը թե՛ ընտրական գործընթացների, թե՛ ընտրական մարմինների նկատմամբ։ Այս գործիքները նպաստել են հանրային վստահության ամրապնդմանը։ Սա էր պատճառը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական այս ընտրությունների ընթացքում որոշեց ուղիղ հեռարձակում ապահովել բոլոր այն ընտրական տեղամասերից, որտեղ ընտրողների թիվը գերազանցում է 300-ը։ Նման տեղամասերի թիվը 1774 է»,-նշեց նա:
ԿԸՀ նախագահի տեղակալն ընդգծեց, որ տեսախցիկների տեսադաշտում են ընտրողների գրանցման, քվեաթերթիկների և ծրարների տրամադրման գործընթացները, քվեախցիկները և քվեատուփը։
«Այսինքն՝ քվեարկության բոլոր փուլերը գտնվում են տեսադաշտում։ Միաժամանակ ամենակարևորն այն է, որ բոլոր տեղամասերում ապահովված է ընտրողի քվեարկության գաղտնիության պահպանումը։ Մենք չունենք որևէ տեղամաս, որտեղ տեսախցիկների առկայությունը կարող է հանգեցնել այդ սկզբունքի խախտման»,-ասաց նա:
Անդրադառնալով տեխնիկական սարքավորումներին՝ Հովհաննիսյանը նշեց, որ այս ընտրությունների ընթացքում 1996 ընտրատեղամասերում գործարկվել է շուրջ 4000 տեխնիկական սարքավորում։
«Առավոտյան ժամը 08:00-ին բոլոր 1996 տեղամասերում դրանց միջոցով տպվել են ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքները։ Չունենք որևէ տեղամաս, որտեղ տեխնիկական սարքերը սպասարկող մասնագետները չեն ներկայացել։ Այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, որ թե՛ տեսախցիկները, թե՛ տեխնիկական սարքերը գործում են անխափան և Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։
Այո, եղել են որոշ խնդիրներ, և բնականաբար դրանք կարող էին առաջանալ։ Խոսքը 1774 տեղամասերում իրականացվող լայնածավալ տեխնիկական գործընթացի մասին է։ Սակայն բոլոր խնդիրները շատ արագ հասնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ և հնարավորինս արագ ստանում համապատասխան լուծումներ»,-նշեց Հովհաննիսյանը:


