կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով Ջրվեժ, Հացավան, Գեղարդ և Գեղադիր համայնքներում էր

Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով Ջրվեժ, Հացավան, Գեղարդ և Գեղադիր համայնքներում էր

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը շարունակում է աշխատանքային այցերը մարզի համայնքներում: Առկա խնդիրներին, կատարված աշխատանքներին և առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով մարզպետն այս անգամ շրջել է Ջրվեժ խոշորացված համայնքի Զովք, Ձորաղբյուր, Ջրվեժ բնակավայրերում, ինչպես նաև Հացավան, Գեղադիր և Գեղարդ համայնքներում:

Մարզի ղեկավարին ներկայացվել է, որ 2020 թվականին Ջրվեժ խոշորացված համայնքում իրականացվել է 3 սուբվենցիոն ծրագիր, որոնցից մեկով Ձորաղբյուր բնակավայրում իրականացվել են ջրագծերի անհատական միացումներ և կառուցվել են ջրաչափական հանգույցներ, որի արդյունքում համայնքի շուրջ 300 տնտեսություններ արդեն ունեն որակյալ և առանց կորուստների խմելու ջուր:

Ծրագրերից մեկով Ջրվեժ բնակավայրում մանկապարտեզ է կառուցվում: Այստեղ նախկինում երբեք մանկապարտեզ չի գործել, բնակավայրի երեխաները հաճախում են հարակից համայնքների, այդ թվում՝ Երևանի մանկապարտեզներ: Կառուցվող կրթօջախը նախատեսված է շուրջ 90 փոքրիկի համար: Մանկապարտեզի կառուցման աշխատանքները կշարունակվեն այս տարի՝ կրկին սուբվենցիոն ծրագրով:

Զովքում էլ սուբվենցիոն ծրագրով կապիտալ վերանորոգվել է մանկապարտեզի շենքի մի հատվածը: Կառավարությունից սուբվենցիա ստանալու և մանկապարտեզի շենքի մյուս հատվածը վերանորոգելու համար կրկին հայտ են ներկայացրել: Տարիների ընթացքում շենքը խարխլվել է և այլևս պիտանի չէր ծառայելու որպես մանկապարտեզ:

Ընթացիկ տարում սուբվենցիա ստանալու համար համայնքից Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել նաև խմելու ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի կառուցման ծրագրային հայտ: Առաջիկա օրերին խոշորացված համայնքը ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ ձեռք կբերի նաև 3 աղբատար մեքենա և 1 էքսկավատոր:

Հացավանում Մեսրոպ Մեսրոպյանը հետևել է մշակույթի տան կապիտալ վերանորոգման աշխատանքներին, որոնք մեկնարկել են դեռևս կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, ապա շարունակվել 2020-ին՝ կրկին սուբվենցիայի շրջանակում: Պատերազմով պայմանավորված՝ աշխատանքները տեղափոխվել են այս տարի:

Գեղադիրում մարզպետն այցելել է մանկապարտեզ, որն ամբողջությամբ հիմնանորոգված է պետական տարբեր ծրագրերով, սակայն այս պահին չի գործում՝ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով: Մարզպետ Մեսրոպյանը ծանոթացել է խնդրին և խոստացել իր լիազորությունների շրջանակում աջակցել 60 տեղանոց մանկապարտեզի կրկին վերաբացմանը:

Համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացրել է նաև, որ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել են ներհամայնքային փողոցները: Գեղարդ համայնքում էլ 2020 թվականին պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ ասֆալտապատվել է դեպի գերեզմանոց տանող ճանապարհը: Համայնքում այս տարի նախատեսում են անցկացնել 13 կմ երկարությամբ խմելու և ոռոգման ջրի ջրագիծ:

Սուբվենցիոն ծրագրային հայտն արդեն ներկայացրել են Կառավարության հաստատմանը: Համայնքներում մարզպետին են ներկայացրել նաև ոռոգմանը, ճանապարհաշինությանը, կրթությանն ու այլ խնդիրներին վերաբերող հարցեր: Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպումներ է ունեցել նաև բնակիչների հետ, լսել բոլորի խնդիրներն ու պատասխանել հարցերին:

  • Կիսվել: