չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրել է Հայկ Սարգսյանի վերաբերյալ մամուլի հրապարակումները. Հարությունյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրել է Հայկ Սարգսյանի վերաբերյալ մամուլի հրապարակումները. Հարությունյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի վերաբերյալ մամուլի այն հրապարակումները, ըստ որի՝ նա ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, գրում է Armtimes.com-ը։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Սեւանա լճի ափամերձ տարածքում գործող «White Shorja» լողափում խնջույք էր անցկացվել, որին առանց դիմակ մասնակցել էր նաեւ Հայկ Սարգսյանը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ այդ լողափը ապօրինի է շահագործվում եւ որ այն պատկանում է Սարգսյանին, սակայն վերջինս հերքեց դա։ Ըստ «Հետք»-ի հրապարակման էլ «White Shorja» լողափը պատկանում է պատգամավորի ընկերոջը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Հայկ Սարգսյանի վերաբերյալ հրապարակումներից ելնելով հանձնաժողովն իր կազմով աշխատանքային կարգով քննարկել է, թե որքանով են արժանահավատ այդ հրապարակումները, որի հիման վրա հանձնաժողովը կարող է գործողություններ իրականացնել։

«Մեր քննարկման շրջանակներում դիտարկված նյութերով՝ փաստական հանգամանքներ, որը հիմք պետք է հանդիսանար հանձնաժողովի համար ասենք վարույթ հարուցելու՝ չենք բացահայտել։ Տեսանք, որ հիմքերը բավարար չեն իրավական տեսանկյունից մեզ համար եւ հանձնաժողովի անդամների միջեւ համաձայնություն է կայացվել, որ որպես այդպիսին ուսումնասիրությունը մեր կողմից շարունակենք ոչ թե ապավինենք միայն լրագրողական նյութերին, որպեսզի հասկանանք՝ կկարողանանք ձեռք բերել փաստական հանգամանքներ, որով հնարավոր կլինի իրավական ընթացք տալ։ Եթե կարողանանք՝ կտանք համապատասխան օրենքով սահմանված ընթացքը, եթե ոչ՝ պետք է տեղեկացնենք, որ այդտեղ հանձնաժողովի գործողությունների համար բավարար հիմքեր չեն հայտնաբերվել»,- եզրափակեց Հարությունյանը։

Նշենք, որ Հայկ Սարգսյանը դիմակ չկրելու համար տուգանվել է:

  • Կիսվել: