ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Կոռուպցիայի դեմ պայքարի համար առանցքային դեր ունի քաղաքական կամքը, բայց այդ կամքը միայնակ հրաշքներ չի կարող գործել. Ջուլհակյան

Կոռուպցիայի դեմ պայքարի համար առանցքային դեր ունի քաղաքական կամքը, բայց այդ կամքը միայնակ հրաշքներ չի կարող գործել. Ջուլհակյան

Սա ինձ համար մեծ պատիվ է, միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը ավանդաբար ամենածանրաբեռնվածն է Ազգային ժողովում, քանի որ այս հանձնաժողովում են քննարկվում պետության և քաղաքական համակարգի կազմակերպմանն առնչվող հարցերը, սահմանադրաիրավական հարցերը, ընտրական համակարգին, ընտրությունների կազմակերպմանը, քաղաքական կուսակցությունների գործունեությանն առնչվող հարցերը և այլն: Այս մասին խորհրդարանում իր ելույթում ասաց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանը: 

Նրա խոսքով՝ հանձնաժողովն ահռելի աշխատանք է կատարել դրա նախկին նախագահ Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ, բոլոր պատգամավորների և փորձագետների ակտիվ ներգրավմամբ, ինչի համար նրանց հայտնեց իր մեծ երախտիքը:

«1000-ից ավելի նախագծեր են քննարկվել և ընդունվել, այդ թվում՝ մայր օրենքներ, ամիսներ շարունակ քննարկել ենք, ապա ընդունել նոր Քրեական օրենսգիրքը, նոր Քրեական դատավարության օրենսգիրքը»,- հայտնեց թեկնածուն:

Իր խոսքում Ջուլհակյանն առանձնացրեց երեք հիմնական ուղղություն, որոնց վրա հիմնականում կենտրոնացած են եղել հանձնաժողովի աշխատանքները վերջին տարիներին: Առաջինը արդարադատության ոլորտի բարեփոխումներն են:

«Այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել, այդ թվում՝ հանձնաժողովի կողմից, սակայն պետք է արձանագրել, որ դեռևս առկա են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ համակարգային խնդիրներ՝ դատական վարույթների տևողություն, դատարանների ծանրաբեռնվածություն, որոշումների կանխատեսելիության հարցեր և այլն: Սրանք խնդիրներ են, որոնց լուծման ուղղությամբ նույնպես ընդունվել են օրենսդրական կարգավորումներ:

Հանձնաժողովն այն հարթակն է, որտեղ այս խնդիրները ոչ միայն բարձրաձայնվում են, այլև ստանում են օրենսդրական և ինստիտուցիոնալ լուծումներ»,- տեղեկացրեց Ջուլհակյանը:

Երկրորդ ուղղությունը, նրա խոսքով կոռուպցիայի դեմ պայքարն է:

«Կոռուպցիայի դեմ պայքարի  համար առանցքային դեր ունի, իհարկե, քաղաքական կամքը, բայց այդ կամքը միայնակ հրաշքներ չի կարող գործել: Այն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու համար»,- ասաց թեկնածուն:

Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրենց կողմից քննարկված և ընդունված կարևորագույն օրենքներից է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, որն արդեն գործում է ու տալիս է իր արդյունքները: 

Ըստ Ջուլհակյանի՝ երրորդ ուղղությունը սահմանադրական բարեփոխումներն են:

  • Կիսվել: