ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 14-ի վիճակը ծանր է․ մեկինը՝ ծայրահեղ ծանր. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 14-ի վիճակը ծանր է․ մեկինը՝ ծայրահեղ ծանր. Արսեն Թորոսյան

Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 58 նոր դեպք: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին կազմում է 482։

Ըստ նախարարի, 58-ից  25-ն ի սկզբանե գտնվել են կարանտինում, իսկ  31-ը, որոնց մեջ կա նաև բուժաշխատող, հաստատված դեպքերի կոնտակտավոր են։

«Կորոնավիրուսի հաստատված դեպքերից միայն երկուսն է, որ  արտերկրից նոր ժամանած դեպքեր են։ Նրան շփման շրջանակը պարզվում է», - ասաց Արսեն Թորոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այսօրվա թվի մեջ ներառվա՞ծ են բանակի դեպքերը, նախարարն արձագանքեց. «Այո, մեկ դեպք»։

Նախարարի խոսքով, ընդհանուր առմամբ, վարակվածներից 14-ի վիճակը ծանր է, 1-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր։

«Չեմ ուզում առաջ ընկնել դեպքերից, բայց կարող եմ ասել, որ ծայրահեղ ծանրը կդառնա ծանր, այսինքն՝ բարելավում ունենք: Հնարավոր է ինկուբացիան դադարեցնենք, արհեստական օդափոխության սարքն անջատենք և ինքնուրույն շնչի: Եվս երկու ծանր դեպք մտածում էինք, որ հնարավոր է կդառնան ծայրահեղ ծանր, սակայն մեր բժիշկների շնորհիվ կդադարեն համարվել ծանր և կտեղափոխվեն պալատ»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվեց, թե 14 ծանր հիվանդների դինամիկայի հետ կապված կանխատեսելիությո՞ւն ունեն, թե՞ վիրուսային զարգացումն անկանխատեսելի է, նախարարն ասաց. «Համաշխարհային վիճակագրություն կա, եթե պացիենտը հասնում է ինտենսիվ թերապիայի, 50 տոկոսը գնում է ինտուբացիայի և այդ վիրուսով հիվանդացած  ինտուբացված պացիենտների քիչ տոկոսն է ապրում, որովհետև ինտուբացիայի փուլն արդեն շատ ծանր փուլ է։ Սակայն, իհարկե, մեր թվերը փոքր են, մեր թվերով կանխատեսումներ անելը դժվար է։ Ամեն կոնկրետ դեպքն անհատական է։ Ունենք ծանր պացիենտ, որը երիտասարդ է, սակայն մեծ հավանականությամբ կդադարի  ծանր լինել և շուտով միջին կդառնա, հետո ամբողջությամբ կապաքինվի։ Ամեն կոնկրետ պացիենտի քրոնիկական հիվանդություններն են ի վերջո որոշում ելքը, որովհետև առանց քրոնիկական հիվանդության պացիենտները հիմնականում չեն էլ հասնում ռեանիմացիոն ծառայության»։

Վարչապետի դիտարկմանը, թե նշանակում է, որ ինտենսիվ թերապիայի փուլում բոլոր պացիենտներն ունեն քրոնիկական հիվանդություններ, Արսեն Թորոսյանը պատասխանեց.  «Բացի մեկից, որը ուշ է պարզապես դիմել բուժհաստատություն, այսինքն՝ ուշ ենք ախտորոշել, երիտասարդ է, երկկողմանի թոքաբորբ ունի, եթե ավելի շուտ դիմած լիներ, հնարավոր էր, որ հասած չլիներ ռեանիմացիա»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսից մահվան վերջին երկու դեպքերին։ Նա ցավակցություն հայտնեց  կորոնավիրուսից մահացած անձանց հարազատներին և նշեց. «Երկու պացիենտն էլ ունեցել են շատ ծանր խրոնիկական հիվանդություններ: Նրանցից մեկն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում: Երկրորդն ունեցել է նույնպես սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային հիպերտոնիա, սրտամկանի ինֆարկտից և ինսուլտից առաջացած հետևանքներ: Այս կարգի քաղաքացիների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն է պետք, որպեսզի նրանք հանկարծ չվարակվեն, որովհետեւ շատ մեծ ռիսկի դաշտում են հայտնվում»։

Վարչապետը կոչ արեց քաղաքացիներին առանձնակի ուշադիր լինել այս խմբի մարդկանց նկատմամբ և պահպանել մեկուսացման պայմանները, ամեն ինչ անել, որ այսպիսի հիվանդություններ ունեցող մարդկանց արտաքին աշխարհի հետ շփումը լինի հնարավորինս սահմանափակ։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների համաձայն, այաստանում մարտի 30-ի ժամը 11։00 դրությամբ ապաքինվել է 30 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 449 մարդ։ Թեստի բացասական արդյունք է գրանցվել 2216 դեպքում։ Մահվան ելքով 3 դեպք կա։

  • Կիսվել: