Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը չպետք է խոչընդոտի Հայաստանում ԶԼՄ-ների աշխատանքին. ԵԱՀԿ
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիր մտահոգված է կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Հայաստանում ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակներում մարտի 23-ին ընդունված «Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների» փաթեթի մասին: Այս մասին ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարության մեջ։
ԵԱԿՀ «Ես լիովին հասկանում եմ նոր օրենքի նպատակը՝ COVID-19 համաճարակի ժամանակ խուսափել խուճապից, ագրեսիայից եւ պայքարել կեղծ տեղեկությունների դեմ։ Միաժամանակ, ԶԼՄ-ները որոշիչ դեր են խաղում հանրությանը կարեւոր տեղեկատվություն տրամադրելու եւ համաճարակի վերաբերյալ կեղծ լուրերին հակազդելու հարցում: Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքին եւ նրանց՝ համաճարակի մասին հաղորդելու կարողությանը: Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը շատ սահմանափակող միջոց է, որը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը եւ տեղեկատվության հասանելիությունը»,-նշել է Հարլեմ Դեզիրն իր հայտարարության մեջ:
Հարլեմ Դեզիրը մատնանշել է նախորդ շաբաթ իր, ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դեյվիդ Քեյնի, Մարդու իրավունքների Համաամերիկյան հանձնաժողովի հատուկ զեկուցող Էդիսոն Լանզայի համատեղ հայտարարությունը, ըստ որի՝ մարդու առողջությունը կախված է ոչ միայն մատչելի բուժօգնությունից, այլ նաեւ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքից, որը ներառում է սպառնալիքի բնույթի, այդ սպառնալիքից քեզ, քո ընտանիքի անդամներին եւ հասարակությանը պաշտպանվելու վերաբերյալ տեղեկատվությունը:
Համաձայն այդ հայտարարության՝ տեղեկատվության հասանելիության իրավունքը ենթադրում է, որ կառավարությունները պետք է մեծ ջանքեր գործադրեն լրագրողների աշխատանքը պաշտպանելու համար:
«Լրագրությունը կարեւոր գործառույթ է իրականացնում արտակարգ դրության ժամանակ հանրային առողջության ոլորտում, հատկապես, երբ այն ուղղված է շատ կարեւոր տեղեկատվությունը, այդ թվում կառավարության գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը հանրությանը հասցնելուն»,- նշված է Դեզիրի հիշատակած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում կատարված փոփոխություններով լրատվամիջոցները կորոնավիրուսային ճգնաժամի մասին կարող են հրապարակել միայն պաշտոնական տեղեկատվություն։ Արտակարգ դրության օրերին սահմանափակումները խախտելու դեպքում սահմանված են տուգանքներ։


