շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյանը` սահմանազատման մասին

Կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյանը` սահմանազատման մասին

Հայաստանը Ադրբեջանի հետ ունի՞ պայմանավորվածություն, թե որ թվականի քարտեզների հիման վրա պետք է կատարվի դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը։ Այս մասին ԱԺ-ում 2022թ-ի բյուջեի կատարողականի զեկույցի ժամանակ Արարատ Միրզոյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Խոսք է գնում 1970-ականների քարտեզների մասին, որը բացարձակապես չի բխում ՀՀ շահերից, եթե այդ գործընթացը կատարվի Ադրբեջանին ձեռնտու քարտեզների հիման վրա, մեզ համար այն կունենա աղետալի հետևանքներ։ Արդյո՞ք ուսումնասիրել եք այն քարտեզները, որոնք կային Խորհրդային միության ժամանակ ու տեղյակ եք, որ երբ 1920թ-ին ՀՀ-ն մտել է Խորհրդային պետության կազմի մեջ, դրանք ամբողջությամբ եղել են ՀՀ տարածքները ու տխրահռչակ «անկլավներ» հասկացությունը հետագայում է առաջ եկել»,- ասաց պատգամավորը։

Հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց․

«Դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզներով պետք է իրականացվի դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը, բայց կա պարտավորություն ու հանձնառություն այդ աշխատանքներն իրականացնել Ալմաթիի հռչակագրին համահունչ, սա է, որի շուրջ անցած տարվա հոկտեմբերի 6-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Որքանով ինձ հայտնի է՝ Քիշնևում վերջին քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահն առարկություն չի հայտնել 1975թ-ի քարտեզի վերաբերյալ։ Խոսքը այն քարտեզի մասին է, որի շուրջ ողջ միջազգային հանրության ու ՀՀ-ի կողմից ըմբռնում և պատրաստակամություն կա շարունակել աշխատանքները։ Թե ում ինչն է ավելի ձեռնտու, այստեղ կմտնենք ոչ միանշանակ դատողությունների տիրույթ, մենք կարծում ենք, որ 1975թ-ի քարտեզով միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը ու դելիմացիայի աշխատանքներն այդ հիմքով սկսելն ընդունելի լուծում է ՀՀ-ի համար։ Ինչ վերաբերում է անկլավներին, իմ կարծիքով դեռ ուսումնասիրման կարիք ունեն անկլավների ծագման իրավական հիմքերը։ Քաղաքական առումով՝ այո՛, այդպիսի անկալվներ գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի վերջին շրջանում։ Սա այն հարցն է, որով պետք է զբաղվի հենց սահմանազատման հանձնաժողովը։ Հնչեցրած 86․600քկմ-ն ներառում է այդ անկալվները»։

Միրզոյանն ընդգծեց, որ սահմանազատման համար կարող են հիմք հանդիսանալ այն քարտեզները, որոնց իրավական հիմքերն անխոցելի են։

«Ցայսօր մենք վերջնական համաձայնություն չունենք 1975 թվականի քարտեզի վերաբերյալ, Ադրբեջանը մշտապես առարկել է այս քարտեզի հիմքով սկսել սահմանազատումը, եթե չառարկեր, այն սկսված կլիներ», - ասաց նա։

  • Կիսվել: