կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի. ՀՀ վարչապետ (տեսանյութ)

Կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի. ՀՀ վարչապետ (տեսանյութ)

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է, այս մասին Պաշտպանության նախարարությունում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվ ի՞նչ է անում Ադրբեջանը. փորձում է այս թեմային ավելացնել կոմպոնենտներ, որոնք իրենց բովանդակությամբ անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար: Նկատի ունեմ, մասնավորապես՝ միջանցքի մասին խոսակցությունները: Բոլորը պետք է իմանան, որ Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցքի վերաբերյալ երբեք որևէ պայմանավորվածություն չի եղել: Եվ Հայաստանի Հանրապետությունը ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր այդ թեմայի վերաբերյալ ոչ միայն որևէ պարտավորություն չի ստանձնել, այլև մենք բոլոր դեպքերում, երբ այդպիսի նախադասություններ հնչել են, հստակ մեր դիրքորոշումներն արտահայտել ենք: Եվ այն պայմանավորվածությունները, որ ունենք, ըստ էության, արտահայտված են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների մեջ»,-նշել է նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, թե շատ է խոսվում այն մասին, նաև՝ քաղաքական դաշտում շահարկումներ են տեղի ունենում, թե կան հայտարարություններին կից ինչ-որ գաղտնի արձանագրություններ, գաղտնի պայմանավորվածություններ:

«Բացարձակապես որևէ նման բան չկա: Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ դուք բոլորդ դա իմանաք:

Կա՞ արդյոք պայմանավորվածություն կոմունիկացիաների բացման վերաբերյալ: Այո՛, կա այդպիսի պայմանավորվածություն: Եվ դա հստակ արձանագրված, ձևակերպված է հունվարի 11-ի հայտարարության մեջ: Ի՞նչ է գրված այդ հայտարարության մեջ: Այդ հայտարարության մեջ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի հնարավորություն ունենա Ադրբեջանի տարածքով տարանցել բեռներ: Ադրբեջանը պիտի հնարավորություն ունենա Հայաստանի տարածքով տարանցել բեռներ: Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել հունվարի 11-ի հայտարարության տեքստի վրա. այնտեղ շատ հստակ գրված է, որ պետք է քննարկվեն և պայմանավորվածություններ ձեռք բերվեն մաքսային, սահմանապահ, սանիտարական, ֆիտոսանիտարական հսկողության վերաբերյալ: Այսինքն՝ կա հստակ արձանագրում, որ ինչպես ընդունված է տրամաբանորեն և ինչպես տեղի է ունենում, Հայաստանի տարածքը՝ որպես տարանցիկ ուղի օգտագործելու պարագայում, ինչպես մնացած բոլոր դեպքերում է, այդ հատումը պետք է տեղի ունենա այդ կանոններով. ինչպես են օրինակ այսօր հատում Վրաստանի կամ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները: Այսինքն՝ այդ նույն կանոններով: Իհարկե, մենք այդ օրակարգն ենք ընդունել:

Ինչո՞ւ ենք ընդունել այդ օրակարգը: Դա էլ եմ ուզում ասել: Որովհետև Ադրբեջանի վերջին՝ համարյա 30 տարվա քաղաքականությունը եղել է Հայաստանի շրջապափակումը: Այսինքն՝ կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի: Որովհետև մենք համարում ենք, որ կոմունիկացիաների բացումով հաղթահարում ենք Հայաստանի Հարապետությունը շրջափակելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Ադրբեջանը միջանցքային տրամաբանությունը հենց դրա համար է առաջ բերում՝ իմանալով, որ դա մեզ համար անընդունելի է: Նա ուզում է, որ իրադարձություններն այնպես զարգանան, որպեսզի կոմունիկացիաների բացում տեղի չունենա: Այսինքն՝ Հայաստանի ապաշրջափակում տեղի չունենա: Սա շատ պարզ տրամաբանություն է: Եվ շատ կարևոր է, որ մենք բոլորս այս նրբություններն արձանագրենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: