երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կոչ ենք անում ՄԱԿ-ի ԱԽ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություններին փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ. Հռիփսիմե Գրիգորյան

Կոչ ենք անում ՄԱԿ-ի ԱԽ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություններին փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ. Հռիփսիմե Գրիգորյան

Ապացուցման կարիք չունի փաստը, որ Լաչինի միջանցքի հերթական, այս անգամ արդեն՝ օրեր ձգվող արգելափակումով Ադրբեջանն ուղղակիորեն խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր պարտավորությունը, այն է՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:

Այդ մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:

«Նույն կերպ ապացուցման կարիք չունի փաստը, որ, արգելափակելով ԼՂ հայության համար կյանքի միակ ճանապարհ հանդիսացող միջանցքը, Ադրբեջանը շրջափակման է առել շուրջ 120 հազար մարդկանց կյանք, նրանց մեջ՝ կանանց և երեխաների՝ իրավիճակը հասցնելով հումանիտար ճգնաժամի եզրին: Նախօրեից նաև ձմռան պայմաններում փակելով գազի մատակարարման փականը և առանց ջեռուցման թողնելով ԼՂ բնակչությանը՝ Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը և վերահաս հումանիտար աղետը: Այս պայմաններում արձանագրում ենք, որ ՌԴ խաղաղապահ առաքելությունը պետք է վերականգնի վերահսկողությունը Լաչինի միջանցքում, ընդ որում՝ անհապաղ և բոլոր միջոցներով»,- նշեց պատգամավորը:

Խոսքն ուղղելով միջազգային հանրությանը՝ Գրիգորյանն ասաց. «Կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և անդամ պետություններին մոնիթորինգ իրականացնելու նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ, որը նպատակ պետք է ունենա ոչ միայն հավաքագրել տեղեկատվություն, այլև ազդանշան հանդիսանա առ այն, որ իրավիճակը սպառնալից է և պայթյունավտանգ: Այն պետք է լինի ժամանակին և հրատապ, քանի որ դրանով ուղղակիորեն կարող են պայմանավորված լինել մարդկային կյանքեր»:

  • Կիսվել: