երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ադրբեջանին կոչ ենք անում մշակել օրակարգ, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. ԵՄ

Ադրբեջանին կոչ ենք անում մշակել օրակարգ, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. ԵՄ

ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի կառույցներում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցի կապակցությամբ։  Հայտարարության մեջ հատուկ անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի  հիմնախնդրին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին:  
 
«ԵՄ-ն ողջունում է մայիսի 14-ին Բրյուսելում ԵՄ-ի գլխավորած Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ խաղաղ բանակցությունների վերսկսումը, որի ընթացքում երկու կողմերը վերահաստատել են միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը: Հունիսի 1-ին Քիշնևում Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց նրանց հավատարմությունն այդ գործընթացին:
 
Մենք ընդգծում ենք, որ բանակցություններն ու երկխոսությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև արդար և համապարփակ խաղաղության հասնելու միակ միջոցն են: Հետևաբար, երկխոսության շարունակականությունն ու կոնկրետ արդյունքները վճռորոշ նշանակություն ունեն գործընթացի համար, և մենք ողջունում ենք Բաքվի մասնակցության հաստատումը ԵՄ աջակցությամբ հուլիսի 21-ին հաջորդ հանդիպմանը, որտեղ պետք է հետագա առաջընթաց արձանագրվի»,- նշված է ԵՄ տարածած հայտարարությունում: 
 
Բրյուսելն Ադրբեջանին կոչ է արել մշակել օրակարգ, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը:  «Ներկայիս իրավիճակը մտահոգիչ է և ունի բացասական մարդասիրական ազդեցություն, քանի որ էթնիկ հայ բնակչությունը բազմիցս բախվել է հիմնական էներգետիկ և հաղորդակցական ծառայությունների խափանումներին, մինչդեռ հրադադարի հաճախակի խախտումների մասին հաղորդումները լուրջ մտահոգություն են առաջացնում նրանց բարեկեցության համար: Եթե դա դեռ շարունակում է տեղի ունենալ, Բաքվին կոչ ենք անում կոնկրետ քայլեր ձեռնարկել էթնիկ հայ բնակչության նկատմամբ սահմանափակումները վերացնելու ուղղությամբ՝ ապահովելով էներգիայի կայուն մատակարարում և թույլատրելով իրականացնել էլեկտրացանցի տեխնիկական սպասարկում և վերանորոգում: Բացի այդ, կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից և փոխարենն առաջ մղել այնպիսի խոսույթ, որը ստեղծում է վստահություն և խաղաղ բանակցություններին նպաստող միջավայր:
 
Պետք է նաև վստահության ամրապնդման հետագա միջոցներ ձեռնարկվեն, հատկապես՝ բանտարկյալների ազատ արձակման առումով: ԵՄ-ն շարունակելու է աջակցել ականազերծման աշխատանքներին, և շեշտում ենք կողմերի միջև համագործակցության կարևորությունը՝ ականապատ տարածքները տեղորոշելու նպատակով»,- ասված է ԵՄ հայտարարությունում: Հայտարարությունը եզրափակվում է ԵՄ վստահեցմամբ, որ միավորումը հավատարիմ է խաղաղ, կայուն, անվտանգ Հարավային Կովկաս կառուցելու ուղղությամբ ջանքերին, ինչը բխում է այնտեղ բնակվող բոլոր ժողովուրդների շահերից: 

  • Կիսվել: