շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կլինի հայտարարություն, դրանից հետո կարձագանքեն․ Կարեն Սիմոնյանը՝ Մարտուն Գրիգորյանի հետ խոսելու մասին

Կլինի հայտարարություն, դրանից հետո կարձագանքեն․ Կարեն Սիմոնյանը՝ Մարտուն Գրիգորյանի հետ խոսելու մասին

Գյումրեցիներն իրենց քվեով հաստատեցին, որ եկել է պատմական պահը, որ հենց Գյումրիում պետք է իշխանազրկել իշխող ուժին. այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Գյումրու «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը:

«Մենք առաջինն ենք հայտարարել, որ մեզ համար ամենակարևորը ՔՊ-ն իշխանազրկելն է, և մենք մեր քվեն տալիս ենք հանուն իշխանափոխության, մենք չունենք որևէ քաղաքական ուժի հետ միավորվելու խնդիր, մեզ ոչ մի պաշտոն պետք չէ: Մենք չենք եկել ընտրություններին մասնակցենք, որ մանդատ ստանալուց հետո սակարկենք դա որևէ քաղաքական ուժի հետ: Մեր միակ խնդիրն իշխանազրկելն է ՔՊ-ին, և մենք մեր քվեն տալիս ենք հանուն դրա»,- ասաց նա:

Սիմոնյանը վստահեցրեց՝ կուլիսային պայմանավորվածությունների էլ չեն գնալու:

Անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի լռությանը՝ նա ասաց, որ իր կարծիքով՝ կլինի հայտարարություն, դրանից հետո կարձագանքեն:

Հարցին՝ արդյոք խոսել է Մարտուն Գրիգորյանի հետ, նա պատասխանեց. «Ես միջնորդավորված եմ խոսել, հստակ ինֆորմացիա չունեմ, սպասում ենք հայտարարության: Եթե չի ստացվելու միավորումը, մենք փորձելու ենք դառնալ այն ուժը, որը աջակցելու է միավորմանը և իր կոչերով հանդես է գալու, որ բաց չթողնենք պատմական շանսը»:

Սիմոնյանը հավելեց, որ եթե իրենց պաշտոններ առաջարկեն, հրաժարվելու են, ուղղակի մանդատներով քվեարկություն ենք տալիս, որ ՔՊ-ն Գյումրիում չունենա իշխանություն:

  • Կիսվել: