ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Կլինեն հաստատ ևս մի քանի բենզալցակայաններ, որոնք պիտի քանդենք. Տիգրան Ավինյան

Կլինեն հաստատ ևս մի քանի բենզալցակայաններ, որոնք պիտի քանդենք. Տիգրան Ավինյան

Գրեթե բոլոր բենզալցակայանները, որտեղ իրավական փաստաթղթերի, նորմատիվների հետ կապված խնդիրներ կան, որոնք ուղղակի չեն վերածվի երկարատև դատական քաշքշուկի քաղաքապետարանի կամ տեսչական մարմնի համար, հիմնականում քանդել ենք: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այս տարի էլի շարունակում են բենզալցակայանների մեծ մասն ունենալ խախտումներ, ոմանք՝ ոչ իրենց մեղավորությամբ, այլ պետական մարմինների քաղաքականության փոփոխության հետևանքով: Օրինակ՝ բենզալցակայններ կան, որ նախկինում գրանցված են եղել, հետո կադաստրն ինչ-որ մի կետից սկսել է պահանջել գրանցել ծածկը, և այն ժամանակ, երբ ծածկը չի պահանջվել, հիմա որպես ինքնակամ է դիտվում: Այսինքն՝ իրավական առումով նրանք մեղավոր չեն, մենք ինչ-որ քաղաքականություն ենք փոխել, և իրենք հայտնվել են այդ դաշտում:

Երևանի քաղաքապետարանն այս տարի շատ երկար ժամանակ չէր տալիս թույլտվությունները: Բենզալցակայանների ասոցիացիայի հետ ես անձամբ հանդիպում եմ ունեցել, ու հետևյալն ենք պայմանավորվել, որ բոլոր այն բենզալցակայանները, որոնք նորմատիվային խախտում չունեն, բոլոր այն բենզալցակայանները, որոնց խախտումները պետության քաղաքականության փոփոխության հետևանքով են, այդ բենզալցակայնները նորմալ թույլտվություն են ստանալու, և ընդհանուր առմամբ այս տարի մի քիչ ավելի մեղմ ենք վերաբերվելու:

Բոլոր այն բենզալցակայանները, որոնք, այնուամենայնիվ, այն իրավիճակում են հայտնվել, որ ունեն նորմատիվային խախտում, բաց ունեն նորմատիվային փաստաթղթեր, այդ դեպքում պետք է դիտարկենք նրանց հողի փոխանակման հարցը: Կլինեն հաստատ ևս 1, 2, 3, 4 բենզալցակայաններ, որոնք պիտի քանդենք»,- ասաց նա՝ նշելով, որ 2023 թվականին 20-ից ավելի բենզալցակայան է քանդվել, որոնք իրավական առումով խնդրահարույց են եղել:

  • Կիսվել: