ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական ԶՈւ-ի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները. ՀՀ ԱԳՆ

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական ԶՈւ-ի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները. ՀՀ ԱԳՆ

Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով և հրետանու կիրառմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:

«Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով և հրետանու կիրառմամբ։ Հայկական կողմի համարժեք գործողությունների շնորհիվ՝ արդյունավետորեն զսպվում է այս սադրիչ գործողությունները:

ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի հետ համակարգմամբ, մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրադրությունը տեղում և դրա հետագա սրման վտանգները:

Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով:

Այդ սպառնալիքների պայմաններում իրականացված սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Հակառակորդը ունի 3 զոհ և վիրավորներ։

Ադրբեջանական կողմը երեկոյան Տավուշի ուղղությամբ հրետակոծություն է վերսկսել՝ օգտագործելով 82 մմ ականանետներ և տանկ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: