ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՀՀ-ի տարածքի դեմ ոտնձգությունները. ռումինահայ պատգամավորներ

Խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՀՀ-ի տարածքի դեմ ոտնձգությունները. ռումինահայ պատգամավորներ

Ռումինիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատում Ռումինահայոց միությունը ներկայացնող պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը հանդես են եկել վերջին օրերին ադրբեջանական կողմի գործողությունները դատապարտող հայտարարությամբ, որը հրապարակվել է araratonline.com-ում։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Հուլիսի 12-ից Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը՝ սկսելով ռազմական էսկալացիա հայ-ադրբեջանական սահմանի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ։ Այդ գործողությունների միջոցով Ադրբեջանը ագրեսիա է կիրառել ոչ թե Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ, այլ հայ-ադրբեջանական միջպետական սահմանի վրա՝ հարձակվելով Հայաստանի խորքում գտնվող հայկական զինված ուժերի վրա։

Չսահմանափակվելով դրանով՝ հուլիսի 13-ից և 14-ից սկսած ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են շփման գծից հեռու գտնվող հայկական խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Բերդ քաղաքը և հարակից գյուղերը։ Հրետանու և հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման ինտենսիվությունն, ինչպես նաև օգտագործված հետևակի քանակը կրում է աննախադեպ բնույթ:

Ադրբեջանի այս սադրիչ գործողությունները ուղղակիորեն հակասում են կորոնավիրուսի համավարակի պայմաններում գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ և ապակառուցողական գործելաոճը։

Հակառակ միջազգային հանրության զսպվածության կոչի՝ Թուրքիան վերստին ծայրաստիճան ագրեսիվ և կողմնակալ դիրքորոշում դրսևորեց։ Միջադեպից ժամեր անց Թուրքիայի ԱԳՆ կողմից հրապարակած հայտարարության մեջ Թուրքիան իր անվերապահ աջակցությունը հայտնեց Ադրբեջանին և Հայաստանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցրեց: Այս իրողությունը գալիս է փաստելու, որ Թուրքիան չի կարող որևէ դերակատարում ունենալ տարածաշրջանում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերում, նախևառաջ ԵԱՀԿ բանակցությունների շրջանակներում։

Մենք, ներքոստորագրյալներս, խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը և Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ ոտնձգությունները, ինչպես նաև հայկական բնակավայրերի և քաղաքացիական բնակչության վրա հարձակումները։

Ռումինիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյան   

Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատում Ռումինահայոց միությունը ներկայացնող պատգամավոր Վարուժան Փամբուկչյան՛՛:

 

  • Կիսվել: