Խիստ միջոցառումները կարևոր են, սակայն հարցերին պետք է պատասպաններ տրվեն․ Մարուքյան
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը թեև կարևորում է նոր ձեռնակրկված ավելի խիստ միջոցառումները, սակայն կարծում է, որ բարձրացված հարցերը պատասխաններ չեն ստանում։
«Օրինակ, մարդիկ հարց են տալիս՝ հիմա մեր վարկերը չենք կարողանում վճարել, իրենք «սեւ ցուցակ» ընկնո՞ւմ են, թե չեն ընկնում: Ոչ մի բան չի ասվում մարդկանց: հաջորդը, որեւէ ձեւով լուծում եղա՞վ մարդկանց վարկերը հետաձգելու եւ հնարավորություն տալու, որ երբ տնտեսությունը կվերականգնվի, այն ժամանակ սկսեն վճարել: Որովհետեւ ասել՝ այս ամսվա տոկոսը մյուս ամիս կվճարես, երբ մարդն այս ամիս չի աշխատում, դա լուծում չէ»,- հարցադրումներ արեց նա լրագրողների հետ զրույցում։
Նա նաև անդրադարձավ կառավարության խոստացած 150 մլրդ դրամի աջակցությանը։ «Աշխարհի որեւէ երկրում չկա այնպիսի վիճակ, որ մարդկանց ասեն նստեք տանը եւ նրանց հացի խնդիրը չլուծեն: Դրան գումարած կոմունալների վարձերն ուզում են: Համապատասխան ընկերություններից մարդկանց ասել են, որ գազն ու լույսը չեն անջատի, «Վեոլիա ջրից» դեռ տեղեկություն չկա, բայց պետք է այս հարցերին համալիր լուծումներ տրվեն»,- իր մտահոգությունները հայտնեց Մարուքյանը։


