շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խովաևի հայաստանյան այցն օգտակար էր. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Խովաևի հայաստանյան այցն օգտակար էր. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հայաստանյան այցն օգտակար էր: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը։

Նշենք, որ նոյեմբերի 14-ին Իգոր Խովաևն այցելել էր Երևան և հանդիպել Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ։

Նեչաևի խոսքով` Երևանում Խովաևը հայ գործընկերների հետ օգտակար քննարկումներ է անցկացրել հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցերի շուրջ:

Նեչաևը հավելել է, որ այժմ էլ Խովաևը պատրաստվում է այցելել Բաքու:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ պրահյան բանակցությունների ընթացքում ուղղորդվել է ՌԴ նախագահի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հրապարակային հայտարարություններով: Փաշինյանը շեշտել էր, որ Հայաստանի համար ընդունելի են ռուսական կողմի՝ «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքներն ու պարամետրերը» նախագծով առաջարկված մոտեցումները։

  • Կիսվել: