շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խոշոր տերություններն են մեզ ասել, որ մինչեւ տարեվերջ պետք է կնքեք այդ խաղաղության պայմանագիրը. ՔՊ-ական պատգամավոր

Խոշոր տերություններն են մեզ ասել, որ մինչեւ տարեվերջ պետք է կնքեք այդ խաղաղության պայմանագիրը. ՔՊ-ական պատգամավոր

Մենք ուզում ենք 1991 թվականի ԱՊՀ ստեղծման ժամանակ հաստատված սահմաններով ունենանք մեր երկիրը եւ խաղաղություն կնքվի. Մենք գնում ենք դրան, զիջելու բան չունենք: Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

«Խնդիրը դրված է, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքենք, բայց դա կլինի, թե ոչ, ոչ ոք չգիտի: Խոշոր տերություններն են մեզ ասել, որ մինչեւ տարեվերջ պետք է կնքեք այդ պայմանագիրը: Բայց Լյուքսեմբուրգից հետո Ալիեւը կանգնեց ու Աստանայում ասաց, որ Ռուսաստանն է դադարեցրել պատերազմը, սկսեց հոխորտալ, այս ամեն ինչից երեւում է, որ մինչեւ տարեվերջ դժվար թե խաղաղության պայմանագիր կնքենք»,-ասաց նա:

Գագիկ Մելքոնյանի խոսքով, մենք պետք է հասկանանք, որ մենք ենք կռվելու մեր երկրի համար, ոչ ոք չի գա էստեղ մեզ համար կռվի: «Դրա համար պետք է մեր ժողովուրդը համախմբվի, եւ մենք կարողանանք  մեր երկիրն այս վիճակից հանել»:

Հարցին, թե որ առաջարկներն են ավելի բարենպաստ Հայաստանի համար՝ Արեւմուտքի՞, թե՞ Ռուսաստանի, Մելքոնյանը պատասխանեց. «Բարենպաստն այն է, որ մենք  կարողանանք թշնամուն դուրս քշենք մեր սահմաններից, կարողանանք մեր երկրի սահմանները պահենք: Այսօր արդեն միջազգային կառույցները ստիպում են Ադրբեջանին: Եվրոպացի դիտորդների արձանագրություններից է կախված, որ այդ գործողությունները պետք է կատարվեն: ԱՄՆ-ն, Ֆրանսիան ասել են, որ հետ գնացեք ձեր նախկին դիրքերը»:

  • Կիսվել: