շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքների մի շարք փոփոխությունների

Խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքների մի շարք փոփոխությունների

Խորհրդարանն այսօրվա՝ մայիսի 29-ի նիստում առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր, վավերացվեցին մի շարք համաձայնագրեր:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ (կողմ՝ 67, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 29 ձայնով) ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած՝ պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիշեցնենք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցողը տեղեկացրել էր, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագծում փոփոխություն չի կատարվել: Զաքարյանը հայտնել էր՝ նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ցեմենտի ներքին շուկան և տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցության դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ:

Նախագիծը, մասնավորապես, վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունից ցեմենտի ներմուծմանը, որտեղ էներգակիրները բավականին էժան են:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին ժամանակներում նկատվում է իրանական ցեմենտի գնանկում, ինչի հետևանքով տեղական ցեմենտը գնային առումով դարձել է ոչ մրցունակ, և ստեղծվել են անհավասար մրցակցային պայմաններ տեղական ցեմենտի և ներմուծվողի միջև:

Այսպիսով, պաշտպանելու համար ներքին արտադրողին առաջարկվում էր ինքնարժեքների համահարթեցման նպատակով մինչև 100 տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքի չափը սահմանել բազային տուրքի 800-ապատիկի չափով՝ գործող 200-ապատիկի փոխարեն:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև կրիպտոակտիվների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը (կողմ՝ 68, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 28 ձայնով):

Վավերացվեց նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը:

Հիշեցնենք՝ ծրագրի ընդհանուր արժեքը 38 մլն եվրո է, որը ֆինանսավորվելու է հետևյալ աղբյուրներից՝ ԵՆԲ կողմից տրամադրված վարկ՝ 25 մլն եվրո, Եվրոպական միության «Հարևանության ներդրումային հարթակ»-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցներ, որից ներդրումային դրամաշնորհ՝ 10.1 մլն եվրո, տեխնիկական աջակցություն՝ 650 հազար եվրո, այլ ծախսեր՝ 250 հազար եվրո, Երևանի քաղաքապետարանի սեփական միջոցներ՝ 2 մլն եվրո:

Ծրագրի իրականացման նպատակն է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, մասնավորապես մանկապարտեզներում և պոլիկլինիկաներում իրականացնել էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացմանն ուղղված աշխատանքներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը մոտ 65%-ով, նվազագույնը 20 տարով ավելացնել շենքերի շահագործման ժամկետը, նվազեցնել CO2 արտանետումները մթնոլորտ:

Խորհրդարանը վավերացրեց նաև ՀՀ-ի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1 ֆինանսական պայմանագիրը:

Պայմանագրով նախատեսված միջոցներով կֆինանսավորվի ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային և Հարավային ենթահատվածների կառուցումը: Ծրագիրը կհամաֆինանսավորվի նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի կողմից, յուրաքանչյուրի կողմից՝ 236 մլն եվրոյի չափով:

Պայմանագրով սահմանված են նաև բնապահպանական և սոցիալական ազդեցությունների, կլիմայի փոփոխության վրա ազդեցության մեղմացման պահանջներ, ԵՄ հրահանգներին համապատասխանող ճանապարհային անվտանգության միջոցառումներ:

Վավերացվեց նաև «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, որով կբարելավվի ԱՊՀ անդամ պետությունների միջև հետախուզումների վերաբերյալ համագործակցությունը:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը նախագիծը (կողմ՝ 65 դեմ՝ 0, ձեռնպահ՝ 31 ձայներով):

«Օրակարգը սպառվեց, նիստը՝ նույնպես»,- հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

  • Կիսվել: