շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Խնդրում եմ պահանջել Փաշինյանից»․ Էդմոն Մարուքյանը նամակ է գրել եվրոպացի պաշտոնյաներին

«Խնդրում եմ պահանջել Փաշինյանից»․ Էդմոն Մարուքյանը նամակ է գրել եվրոպացի պաշտոնյաներին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նամակով դիմել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ կոչ անելով չդառնալ Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների եվրոպական հովանավորներ։
 
Մարուքյանը եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացրել է ՀՀ-ում տիրող իրավիճակն ու խնդրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ որոշ հարցեր բարձրացնել։
 
«Մեր երկրում հենց այս պահին հարցազրույց տալու համար ապօրինի կալանավորված է բարերար Սամվել Կարապետյանը, որի հայտարարությունը միտված է եղել Հայ առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանությանը, և միայն այդ պատճառով նա այժմ պահվում է Հայկական ԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեի նկուղում (հայ ժողովրդին առավել հայտնի՝ որպես ԿԳԲ-ի պոդվալ)։ Նույն կալանավայրում է գտնվում նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ կրկին հարցազրույց տալու համար»,- նամակում գրել է Մարուքյանը։
Նա հավելել է, որ Միքայել սրբազանը խորհրդարանական ընդդիմության միասնական վարչապետի թեկնածուն է և ունի 36 պատգամավորի ստորագրություն իմպիչմենտի գործընթացի շրջանակներում։
Մարուքյանը նաև եվրոպացի պաշտոնյային տեղեկացրել է, որ իշխանական պատգամավորները արդեն սպառնում են փակել Հայաստանում գործող կուսակցություններից մեկը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։
Նա հավելել է, որ մեր երկրում տեղի ունեցող գործընթացները չեն համապատասխանում Եվրոպական միության հիմնադիր փաստաթղթերին, մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներին, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Եվրոպական միության նկատմամբ։
 
«Խնդրում եմ պահանջել Հայաստանի Հանրապետության վարչապետից շուտափույթ կերպով ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»,– եզրափակել է Մարուքյանը։
 

  • Կիսվել: