Խնդրում եմ, հավատացեք Զոհրաբ Մնացականյանին և ոչ թե Սերգեյ Լավրովին․ Թևան Պողոսյան
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը բխում էր Ռուսաստանի շահերից և հայկական իրականության հետ որևէ կապ չուներ, InfoPort.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ մեկնաբանելով Սերգեյ Լավրովի հայտարարությունը բանակցային սեղանին արցախյան կարգավորման հարցով փուլային փաստաթղթի առկայության մասին:
Թևան Պոողոսյանը պնդում է՝ Սերգեյ Լավրովի հայտարարությունը իրականության հետ աղերս չունի։
«Մենք պետք է նման հայտարարություններին հանգիստ վերաբերվենք ու զբաղվենք մեր աշխատանքով՝ նկատի ունենալով որ դրա մեջ մի խնդիր էլ է ավելացել, որը կոչվում է հայ-ռուսական հարաբերություններ», - մեզ հետ զրույցում ասաց Պողոսյանը։
Դիտարկմանը, թե այդուհանդերձ, խնդիրներ տեսնում է հայ-ռուսական հարաբերություններում, Պողոսյանը արձագանքեց․
«Որ խնդիր չլիներ, Լավրովը նման հայտարարություն չէր անի։ Բացի այդ, նա խոսեց նաև դաշնակցային հարաբերություններում խնդիրների մասին՝ վկայակոչելով «Հարավկովկասյան երկաթուղների» հարցը»»,- հիշեցրեց Լավրովը։ Թևան Պողոսյանի խոսքով, իշխանությունների արձագանքը Լավրովի հայտարարություններին բավարար է և ցույց է տալիս, որ իշխանությունները հիմնախնդրի լուծման նման ճանապարհ չեն ընտրել։ «Հայաստանի արտգործնախարարը հստակ հայտարարեց, որ մենք չենք քննարկում որևէ փաստաթուղթ և խնդրում եմ հավատացեք Զոհրաբ Մնացականյանի և ոչ թե Սերգեյ Լավրովին։ Եթե ընտրություն ենք կատարում՝ ում հավատալ, եկեք հավատանք հենց մեր արտգործնախարարին։ Ցանացած երկրի արտգործնախարար հետապնդում է իր երկրի շահը։ Մեր իշխանությունները հայտարարում են, թե առանց Արցախի, մենք Արցախի հիմնահարց չենք քննարկի, հիմա ես ուզում եմ հարցնել՝ Արցախի իշխանությունները մասնակցե՞լ են այդ քննարկումներին։ Ուրեմն վերջ»,- նկատեց Պողոսյանը։
Քաղաքագետի խոսքով, արտաքին ուժերը չեն կարող Հայաստանին ճնշել, եթե մեր երկիրը զարկ է տալիս ռազմարդյունաբերությանը, զբաղվում ներքին համերաշխ մթնոլորտի ձևավորմամբ, սոցիալ-տնտեսական զարգացմամբ։ Հարցին, թե հատկապես ինչո՞ւ է հիմա Լավրովը նման հայտարարություն արել, Պողոսյանը պատասխանեց․
«Երևի Ռուսաստանին հենց այս րոպեին էր պետք մի բան ասել, դրա համար ասեց։ Վերջերս Սերգեյ Լավրովը եկել էր Հայաստան, բա ինչո՞ւ նման բաներ չասեց, ավելին, հակառակն էր ասում։ Բա էլ ի՞նչ կա։ Պետք չէ, որ դրա համար հասարակության մեջ պառակտումներ լինեն։ Հակառակը, պետք է միավորվել ու հասկանալ՝ ինչ անել, որ Ռուսաստանը այլևս նման բաներ չանի»։
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարը ապրիլի 21-ին հայտարարել էր, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այժմ ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի փուլային տարբերակը, որը նախատեսում է որպես առաջնային խնդիր Արցախի շուրջ եղած անվտանգության գոտու վերադարձը և կոմունիկացիաների բացումը: Դրան ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ փուլային տարբերակը ընդունելի չէ հայկական կողմի համար և հայկական կողմը չի գնա ոչ մի զիջման անվտանգության և ստատուսի հարցերում: Իսկ անվտանգության գոտին անվտանգության բաղադրիչի կարևորագույն մասն է: