ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խնդիրն այն չէ, թե ՀՀ-ն կճանաչի՞ Արցախի անկախությունը, թե՞ չէ, այլ այն է, թե միջազգային հանրությունը կճանաչի՞, թե՞ ոչ. Փաշինյան

Խնդիրն այն չէ, թե ՀՀ-ն կճանաչի՞ Արցախի անկախությունը, թե՞ չէ, այլ այն է, թե միջազգային հանրությունը կճանաչի՞, թե՞ ոչ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում անդրադարձել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը երրորդ անգամ առաջադրվել էր, որպեսզի իրագործեր ՛՛լավրովյան պլանը՛՛:  Փաշինյանը հարցրել է՝ ՛՛իսկ ի՞նչ էր խանգարում դա անել դրանից առաջ՛՛:

Վարչապետը, մասնավորապես, նշել է. ՛՛Իսկ ո՞րտեղ է երաշխիքը, որ պիտի փորձեր՝ ստացվեր դրանից հետո, կամ ի՞նչն էր խանգարում Ազգային ժողովի ամբիոնից դա հայտարարել: Ուրիշ բան էր հայտարարվում, որ հույս չկա, բանակցային գործընթացից հույս չկա, և ամեն վայրկյան կարող է սկսվել պատերազմ:

Իսկ այդ վայրկյանին՝ 2018 թվականի գարնան այդ վայրկյանին, ինչքա՞ն արկ կար մեր բանակի զինանոցում: Կարելի է ասել՝ այ, որ 3 օր էլ ձգեի, Ղարաբաղի հարցը կլուծեի: Բայց ի վերջո պատմություն կա և այդ պատմությունը բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել: Երբ այդ մարդիկ իշխանության էին գալիս 1998 թվականին, նրանք ասում էին, որ անթույլատրելի է տարածքներ հանձնելու և փուլային տարբերակով հարցը լուծելու որևէ մոտեցում: 98 թվականից հետո էլ չի եղել բանակցային մի այդպիսի մոդել, որտեղ հստակ ձևակերպված չլինի 7 տարածքների վերադարձն Ադրբեջանին: Սա որպես նվազագույն պայման:

Եվ բանակցային բոլոր փաստաթղթերը ձևակերպված են եղել հենց այդպես, որ հարցի կարգավորման նպատակն է 7 շրջանների վերադարձն Ադրբեջանին: Սկսել է դրանից, իհարկե, խոսք է եղել նաև Արցախի կարգավիճակի մասին: Բայց ի՞նչ կարգավիճակի հեռանկարներ են գոյություն ունեցել: Սա է ամենակարևոր հարցը՛՛:

Անդրադառնալով Սարգսյանի մեկ այլս հայտարարությանը, որ եթե Ապրիլյան քառօրյան երկարեր, իրենք անպայման կճանաչեին Արցախի անկախությունը, և զարմանում է, թե ինչու նույնը չի արվել արդեն 44 օրյա պատերազմի ընթացքում՝ Փաշինյանն ասել է. ՛՛Ինչքա՞ն երկարեր: Գուցե, 2016 թվականի համար էլ 4 օրն էր պատերազմի շատ երկար: Որովհետև պետք է արձանագրել, իսկ այդ քայլն իրավիճակն ավելի լավը կդարձնե՞ր, թե՞ իրավիճակն էլ ավելի կվատթարացներ: Կամ եթե ճանաչել՝ ճանաչել. տեսականորեն ցանկացած պահի էլ կարելի է ճանաչել: Այդ դիսկուրսը միշտ էլ եղել է՝ վերջին 15 տարում, վերջին 10 տարում:

Մի մասը մտածում է, որ պետք է պատերազմի ընթացքում ճանաչել, մյուս մասը մտածում է, որ պետք էր պատերազմից առաջ ճանաչել, երրորդ մասը մտածում է, որ պետք է պատերազմից հետո ճանաչել: Իսկ խնդիրն այն չէ, թե Հայաստանը կճանաչի՞ Արցախի անկախությունը, թե՞ չէ: Հարցն այն է՝ միջազգային հանրությունը կճանաչի՞ Արցախի անկախությունը, թե՞ չի ճանաչի՛՛:

 

  • Կիսվել: