ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խիստ մտահոգված եմ. Սիմոնյանը՝ երեք կուսակցությունների հայտարարած հանրահավաքի մասին

Խիստ մտահոգված եմ. Սիմոնյանը՝ երեք կուսակցությունների հայտարարած հանրահավաքի մասին

Այսօր ՔՊ նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այլ հարց չի քննարկվել։

Նա անդրադարձավ ընդդիմադիր երեք կուսակցությունների հայտարարած հանրահավաքին և ասաց. ՛՛Խիստ մտահոգված եմ, համաճարակի այս պայամաններում նման միջոցառումը հղի է տարբեր վտանգներով, ցավոք սրտի, մենք կունենաք թվերի աճ՛՛։

Սիմոնյանը հավելեց. ՛՛Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ լավ ճանաչում է թե՛ Դաշնակցության անցած ճանապարհը վերջին տասնամյակում մասնավորապես, թե՛ ԲՀԿ-ի անցած ճանապարհը, գիտի նաև այն գնահատականները և կարծիքները, որոնք հնչեցվել են ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության մասին՛՛։

Ըստ Սիմոնյանի՝ այդ կուսակցություններից յուրաքանչյուրն ունի իր անձնական շահագրգռվածությունը։ Այսպես, ըստ նրա, ԲՀԿ-ի դեպքում դա Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ հարուցված քրեական գործերի պարագայում քաղաքական ապաստան ապահովելու միտումն է, ՀՅԴ-ի պարագայում քաղաքականության մեջ ռեստարտի փորձ անելն է, իսկ ՛՛Հայրենիքի՛՛՝ Վանեցյանի դեպքում Սիմոնյանը որևէ մեկնաբանություն չարեց:

ԱԺ փոխխոսնակն ասաց, որ ՀՀ իշխանությունն ուղիղ կապի մեջ է քաղաքացիների հետ։ Նա ասաց, որ իրենց ժողովրդով վախեցնելը ճիշտ չէ։

Սիմոնյանը նշեց նաև՝ բոլոր այդ գործիչները քաղաքական ակտիվություն են դրսևորում, երբ իրենց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում։

 

 

  • Կիսվել: