երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ-ին` Ադրբեջանի սադրանքի առնչությամբ հայտարարության համար

Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ-ին` Ադրբեջանի սադրանքի առնչությամբ հայտարարության համար

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Ողջունելով դեսպանին` Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ-ին` Տեղ համայնքում ապրիլի 11-ին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի առնչությամբ հայտարարությամբ հանդես գալու համար:

Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:

Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Սարգիս Խանդանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք:  Դեսպանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների փոխգործակցությունը միջազգային կառույցներում:

 

Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի` Հայաստան կատարած այցին եւ ՀՀ ԱԺ նախագահի հետ ձեռքբերված պայմանավորվածություններին` օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության ընդլայնման, ինչպես նաեւ աշխատակազմերի միջեւ գործակցության, փորձի փոխանակման հետ կապված:

  • Կիսվել: